«Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունների միջև ծագած անհամաձայնությունը Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համարում է երկու մոնոպոլիստների բախում: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Չես իմանա՝ ով է ճիշտ, հնարավոր չէ պարզել: Երկուսի սահմանած գներն էլ անընդունելի են: Մեկը, չգիտես՝ ինչու, մոնոպոլիա է որպես փոխադրող, և ավելին` օդանավակայանն առանց ամաչելու ասում է, թե արտոնություններ է տվել, որպես ազգային փոխադրողի՝ իսկ ինչո՞ւ է տվել: Մյուսը՝ օդանավակայանը, ութից-ինն անգամ բարձրացրել է գները: Մենք ունենք սարսափելի թանկ օդանավակայան՝ թռչում ենք Մոսկվա 550 դոլարով: Միակ և ամենահիմնական պատճառն այն է, որ հայությունը չի գալիս Հայաստան», – ասել է նա:
«Երկուսն էլ չպետք է մոնոպոլիա ունենային, այդ դեպքում մենք այս վիճակը չէինք ունենա: «Զվարթնոցից» բացի, որպես թռիչքուղի կաշխատեր նաև «Էրեբունի» օդանավակայանը, և վիճակը վիճակ կլիներ: «Էրեբունուց» չեն թռչում, որովհետև «Զվարթնոցը» դրան դեմ կբողոքի, կասի՝ բա իմ մոնոպոլիա՞ն, – ասել է Բագրատյանը: Նա նաև չի բացառել այն հանգամանքը, որ, միգուցե, «Արմավիան» ուզում է սնանկանալ ու գնալ Հայաստանից:
Բագրատյանն առաջարկել է երկու ընկերությունների միջև ծագած վեճի հանգուցալուծման իր տարբերակները:
«Կառաջարկեի տնտեսական հարցերը լուծել իրար մեջ, կդադարեցնեի «Արմավիայի» մոնոպոլիան, կդադարեցնեի ավիակերոսինի ներմուծման մենաշնորհները՝ բարձր գնով տրված օդանավակայանին: Կամաց-կամաց երկուսն էլ կտուժեին, կշահեր ավիացիան: Այստեղ պետք է կառավարության ձեռքը, այսօր նախագահը պետք է նստի հեռուստատեսության առաջ ու ասի՝ ով ուզում է, թող կերոսին բերի Հայաստան, բերի ու վաճառի, ինչպես եղել է Բագրատյանի ժամանակ» – շեշտել է նախկին վարչապետն ու հավելել, որ իր համար պարզ չէ՝ ում դեմ է բողոքում «Արմավիան», եթե վառելիքն ինքն է բերում:
Բագրատյանը նշել է, որ նման խնդիրներից խուսափելու համար մեզ պետք է նոր Հայաստան, որտեղ փոքր ու միջին ձեռնարկությունները կկազմեն ՀՆԱ-ի 60%-ը, որտեղ կլինի ոչ թե 12 հազար ակտիվ հարկ վճարող, այլ կլինի՝ 400 -500 հազար:
«Օրերս կհրապարակվի ՀԱԿ-ի հիմնական դևիզը՝ 500 հազար ձեռներեցով Հայաստան»,- եզրափակել է նա: