Մաշտոցի այգում մեկ ամիս ակցիա անցկացնող բնապահպաններից իրավաբան Մերի Խաչատրյանն այսօր նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որով նախաձեռնության անունից պահանջում է վաղը կայանալիք Կառավարության նիստի օրակարգից հանել կրպակների եռամյա ժամկետում ապամոնտաժելու մասին կետը և որոշմամբ ամրագրել անհապաղ ապամոնտաժելու դրույթը:
Հիշեցնենք, որ համաձայն Կառավարության կայքի` մարտի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հեղինակած ՀՀ կառավարության «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագիծը:
«Սույն նախագծի բովանդակությունը վկայում է, որ Երևանի քաղաքային և Հայաստանի գործադիր իշխանությունն այդպես էլ ՃԻՇՏ չեն ընկալել մեր` հանրության պահանջը Մաշտոցի պուրակի հարցում:
Կրկին անգամ շեշտում ենք, որ վերը նշված տարածքում տաղավարների/կրպակների կառուցումն ու տեղադրումն ԱՊՕՐԻՆԻ է և հակասում է Երևանի գլխավոր հատակագծին: Մեր համոզմամբ` Երևանի գլխավոր հատակագծով և հայեցակարգով Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի հանրային կանաչ տարածքի Մաշտոցի պուրակի հատվածում Աբովյան պուրակից տեղափոխված առևտրային նշանակություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ», – գրում է Մերի Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ երեկ բնապահպանները Մաշտոցի պուրակում շուրջօրյա նստացույց են սկսել: Այս գիշեր ոստիկանները թույլ են տվել միայն մեկ վրան տեղադրել, իսկ այգում գիշերն անցկացրել է 27 ակտիվիստ: