Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա և մնում է հայկական հող»` նշելով, որ «Ղարաբաղը թուրքական հող է, և այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»:
Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Բոզդաղը ասել է, որ «հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից»:
Ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը` Էդուարդ Շարմազանովն ասել է.
«Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական և որևէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլև այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական և հայկական պատմական տարածքների հիման վրա`ոչնչացնելով բնիկ հայ և հույն բնակչությանը»:
Շարմազանովի խոսքով` ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից և Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից: