Մարտի 10-ին ՀՀԿ համագումարի ընթացքում հնչեցրած Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական հատվածում արտահայտված փաստերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ելույթի տնտեսական հատվածը միտված է եղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Բագրատյանը, մասնավորապես, ասել է, որ իրեն չի հետաքրքրում՝ ում է ուղղված այդ ելույթը կամ ում դեմ է այն:
«Եթե Սերժ Սարգսյանը փորձում է Քոչարյանի հարցերը լուծել, ինձ պետք չէ մտնել այդ ինտրիգի մեջ, դա ինձ չի վերաբերում: Ինձ վերաբերվում է Սերժ Սարգսյանի, որպես երկրի փաստացի ղեկավարի ելույթը, որը ճիշտ չէ», – ասել է նա:
Բագրատյանն հիշեցրել է, որ ՀՀ նախագահն իր ելույթում կարծիք է հայտնել, որ մեր երկրում տնտեսական աճ կա:
«Աճ չկա, հարյուր անգամ ասում ենք, բա այսքան բանը նախագահը կամ ֆինանսների նախարարը չիմանա՞ն: Ադրբեջանի բյուջեն այսօր 18 միլիարդ դոլար է, Հայաստանինը՝ 2,5 միլիարդ: Մեր երկիրը վերանում է, մեկ պատերազմ ու պարտվելու ենք 100 տոկոսով», – նշել է Բագրատյանը:
Նախկին վարչապետն ընդգծել է, որ իր հաշվարկներով Հայաստանին տարեկան 7,4 տոկոս ՀՆԱ-ի մաքուր աճ է հարկավոր, որպեսզի ժողովուրդը մնա երկրում:
«Մենք չունենք միգրացիա, մենք ունենք մարդկանց արտահանում՝ արտահոսքի փոխարեն: Մեր իշխանություններին հարկավոր չէ լավ ապրող ժողովուրդ ունենալ»,- ասել է բանախոսը:
Նրա խոսքով` լավ ապրող ժողովուրդն ընտրակաշառքի չի գնա, ինչը լայնորեն կիրառվում է Հայաստանում:
«Կյանքի, կենսամակարդակի հետագա աճը անթույլատրելի է մեր իշխանությունների համար: Դրա հետագա աճը հնարավոր է դեմոկրատիզացիայի պայմաններում, ինչին մեր իշխանությունները պատրաստ չեն», – ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: