ԱՄՆ Սենատի անդամ` դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը Հանրապետական կուսակցության սենատոր Մարկ Կիրկի հետ համատեղ կոչ են արել իրենց գործընկերներին սատարել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին նոր բանաձևը, հաղորդում է Ամերիկայի հայկական ասամբլեան:
Հայոց Ցեղասպանության բանաձևը, որը պաշտոնապես Սենատի քննարկմանը կներկայացվի այս ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ նման է ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված նախորդ բանաձևին, սակայն դրան կցվել է նաև 1951 թվականին ԱՄՆ-ի կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցից մի հատված, որում, մասնավորապես, ընդգծվում է հետևյալ փաստը. «Հռոմեացիների կողմից քրիստոնյաների նկատմամբ իրականացված հետապնդումները, հայերի ջարդերը Թուրքիայում, միլիոնավոր հրեաների և լեհերի սպանությունները նացիստների կողմից ցեղասպանության օրինակներ են»:
Մենենդեսն Ասամբելայի հետ զրույցում ասել է. «Միայն պատմության մութ էջերի ճանաչման և գիտակցման արդյունքում մենք իսկապես կարող ենք օգուտ քաղել անցյալի դասերից և կառուցել խաղաղ ապագա: 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է ամրապնդենք մեր վճռականությունը միանշանակ ճանաչելու համար Հայոց Ցեղասպանությունը»:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը քննարկվել էր ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների կոմիտեում, սակայն Կոնգրեսին քվեարկելու համար այդպես էլ չէր ներկայացվել: Բանաձևի ընդունման դեմ էր արտահայտվել ԱՄՆ Պետդեպը` հորդորելով կոնգրեսականներին չքվեարկել բանաձևի օգտին: