Օրերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշնանը նախատեսվող «հանդիպման» մասին հայտարարություն է արել, որը բազմաթիվ տագնապալի մեկնաբանությունների տեղիք է տվել:
Ամենատագնապալի վարկածը նոր ռուս-վրացական պատերազմի հեռանկարն է, հատկապես եթե հաշվի առնել, որ երկու երկրների նախագահները միմյանց չեն զիջում ռազմական հռետորականության հարցում, գրում է Newsru.com-ը:
Վրացական ԶԼՄ-ները, սակայն, հանգստացնում են. խոսքը Վրաստանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին է, իսկ «հանդիպում»
բառն օգտագործվել է փոխաբերական իմաստով:
«Դաժան ասեկոսեների» մասին այսօր գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն` հեգնելով, թե Սահակաշվիլիի «թևավոր խոսքերից» կառչել են «դավադրության տեսությունների» սիրահարները: Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ մի քանի որ առաջ «զավթիչ երկրի հին նոր տերը նոր հանդիպում է նշանակել»: Իհարկե, նա նկատի ուներ Ռուսաստանը և Պուտինին: «Մենք կհաղթենք զավթիչի հետ այդ պայքարում, ով մեզ այս աշնանը հանդիպում է նշանակել: Աշնանը կհանդիպենք Պուտինի հետ, այդ թվում` Կախեթիի փողոցներում», – ասել էր Սահակաշվիլին:
Դրանից անմիջապես հետո սկսեցին լուրեր տարածվել նոր պատերազմի մասին: Այլ վարկածների թվում է Մոսկվայի և Թբիլիսիի միջև վարվող բանակցությունների հավանականությունը, ընդդիմության ճնշման արդյունքում Պուտինի հնարավոր հրաժարականը:
Սահակաշվիլիի օգտագործած թևավոր արտահայտությունները հազիվ թե ինչ-որ մեկի մոտ խորհրդարանական ընտրությունների հետ ասոցիացիաներ առաջացնեին:
Չէ՞ որ ներկայիս իշխանությունների համար յուրաքանչյուր օպոնենտ ընկալվում է որպես Կրեմլի դրածո, որը գործում է անձամբ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, եզրակացնում է թերթը: