Այսօր` մարտի 14-ին, ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Ուսումնասիրությունների ընթացքում ընկերության կողմից բացահայտվել են մրցակցային օրենսդրության խախտումներ: ՏՄՊՊՀ որոշմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանվեց 100 միլիոն դրամով:
Ընկերությունը հանդիսանում է գերիշխող և ներկրման ու իրացման ծավալներով զբաղեցնում է վերոնշյալ շուկաների մոտ կեսը, մյուս կեսը միասին զբաղեցնում են 3 ընկերություններ` «Միկա Քորփորեյշն», «Ֆլեշ» և «Մաքս հուր»:
ՏՄՊՊՀ-ը մանրամասնորեն ուսումնասիրել է «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության վարքագիծը և հայտնաբերել է օրենքի մի շարք խախտումներ: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես, ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում են և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում են «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին:
Պարզվել է, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում է այն գնով, ինչ գնով որ արդեն իսկ վաճառում է իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում:
«Սիթի Պետրոլ Գրուպ »-ը կլանել է փոքր բենզալցակայաններին` այլընտրանք չթողնելով նրանց տերերին:
Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել են վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով:
Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98%-ը տնօրինում է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը, իսկ մնացած 2%-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Փաստորեն, շահագործելով այլ տնտեսվարողի հիմնադրած բիզնեսը, շահույթը գրեթե ամբողջությամբ ստացել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը: Օրինակ. միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք է բերել հենց այդ ճանապարհով: Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններն ընդգրկել են հանրապետության ողջ տարածքը:
Վարույթի ընթացքում ընկերության կողմից ներկայացվել են պատճառաբանություններ, որոնք, Հանձնաժողովի դիտարկմամբ, անհիմն են և որևէ կերպ չեն արդարացնում նման վարքագիծը: Տասնյակ ապացույցների հիման վրա Հանձնաժողովը հաստատված է համարում այն հանգամանքը, որ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն է ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Ընկերության նման քայլը խոչնդոտում է ոչ միայն փոքր բիզնեսի զարգացմանը, այլ նաև խաթարում է մրցակցային դաշտն ընդհանրապես, ինչն անընդունելի է:
ՏՄՊՊՀ Մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի փոխանցմամբ` ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր է վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով: