«Արմավիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը մինչև սեպտեմբեր կվճարի 5 միլիոն 300 հազար դոլարի ընդհանուր համախառն պարտքը: Այս մասին պարզ է դարձել երկու ընկերություններից միջև նախորդ չորս օրերի լարված քննարկումներից հետո, որի արդյունքում կոմերը համաձայնագիր են ստորագրել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:
Շխյանի խոսքով՝ ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը ուղղված է նախևառաջ ուժեղ ավիաընկերություն ունենելու նպատակին և դա է եղել «Արմավիայի» ներկայացրած բոլոր պահանջներին ընդառաջ գնալու հիմնական պատճառը: Նա հույս է հայտնել, որ սահմանված ժամանակացույցը չի խախտվի, և ավիաընկերությունը ժամանակին կմարի պարտքը, որը մեծ չափի է հասել, և անընդունելի է ընկերության և ներդրողների համար:
«Վերջին չորս օրերի ընթացքում մենք հանդիպել ենք «Արմավիայի» ներկայացուցիչների հետ և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ծագած խնդիրների լուծումը գտնելու համար: Ի վերջո մենք ընդունել ենք «Արմավիայի» բոլոր պահանջ-խնդրանքները և ստորագրել նոր համաձայնագիր այս ավիաընկերություն հետ, որի նպատակն է օգնել զարգացնել իրենց ավիաընկերության ծրագիրը», – ասել է ասուլիսի մեկ այլ մասնակից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերություն գլխավոր մենեջեր Մարսելո Վենդին:
Նրա հավաստմամբ՝ իրենք նույնպես շատ պարտավորություններ ունեն այլ գործընկերների դիմաց:
«Օդանավակայանի նոր համալիրի շինարարության համար մեծ գումարի վարկ է վերցրել երեք բանկերից և այդ վարկը պետք է մարվի: Ինչ- որ արվում է «Արմավիայի» դեպքում, նման է ներդրման՝ հետագայում ակնկալելով, որ ավելի շատ չվերթներ կլինեն ու ավելի շատ ուղևորներ: Հուսով ենք, որ ավելի լավ սակագնեի դեպքում կշահի նաև ժողովուրդը», – ասել է Վենդին:
Ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանի խոսքով՝ պարտքի մարումն ըստ փուլերի կսկսվի մարտի 31-ին ու կավարտվի սեպտեմբերին, իսկ պայմանավորված սակագները կգործեն մեկ տարվա համար:
«Սահմանվել են սակագնային նոր արժեքներ, որոնք չեն տարբերվում «Արմավիայի» հայտարարած արժեքներից ու ընդունելի են նրանց համար», – ասել է Տեր-Տաճատյանը: Նոր սակագները գործելու են ապրիլի 1-ից, և եթե ավիաընկերությունը չկատարի վճարումները, ապա այդ սակագները չեն կիրառվի: