Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների դեմ բողոքի արդեն մեկ ամիս անցկացվող բողոքի ակցիաներին, նշել է, որ ինքը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այդ հարցի շուրջ հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ:
«Այն է` մենք դեմ ենք մշտական տաղավարներին Մաշտոցի պուրակում և դրանով իսկ փարատել ենք մեր քաղաքացիների մտավախությունն առ այն, որ այդ տաղավարներն այնտեղ լինելու են մշտական: Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեցվեց, թե այդ ժամանակավորն ինչքան է: Այստեղ էլ պատասխանը հստակ է` առավելագույնը երեք տարի, և դա պայմանավորված է «Հին Երևան» նախագծի իրականացմամբ, քանի որ Մաշտոցի պուրակը «Հին Երևանի» հենց մուտքն է լինելու, և ճարտարապետական լուծումներն էլ տվել է հենց քաղաքապետարանը: Այսինքն այդ նախագծի` «Հին Երևանի» հեղինակը քաղաքապետարանն է, և ինքն իր ծրագիրն իրականացնելու է», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ կառավարությունը նամակ է ստացել հասարակական նախաձեռնությունների, տարբեր կազմակերպությունների կողմից, թե արդյոք իրավական լուծումներն իրավաբանորեն բխում են ՀՀ օրենքների պահանջներից:
«Այդ առումով էլ քաղաքապետը զեկուցեց, որ համապատասխան եզրակացություններն առկա են, և օրենքի խախտումներ չկան», – ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի այս հարցի շուրջ քաղաքացիների հետ լինի համերաշխության և համաձայնության մթնոլորտ:
«Առաջին խոստումը, որ տրվել էր քաղաքապետարանի կողմից Աբովյան փողոցում առկա տաղավարների վերաբերյալ, որոնք ժամանակավոր տաղավարներ չէին, այլ մշտական տաղավարներ էին` սեփականության իրավունքով, որ դրանք կապամոնտաժվեն: Այդ խոստումը կատարվել է:
Հիմա երկրորդ խոստումը, որ արձանագրում ենք այսօր մեր որոշման մեջ և ընդունում ենք ի գիտություն, որ սրանք նույնպես երեք տարվա ընթացքում ապամոնտաժվելու են:
Հաջորդ հարցադրումը: Մենք մեր ընդդիմախոսների կարծիքը հարգում ենք՝ տարբեր ձևաչափերով նրանց հետ քննարկում ենք: Եվ այս լուծումը, որն այսօր քաղաքապետարանն առաջարկում է, կարծում եմ՝ պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ, քանի որ, կարծում եմ՝ երևանցիների համար ընդունելի լուծում է, որպեսզի բոլորի շահերը մենք հաշվի առնենք, այդ թվում նաև սեփականատերերի», – ասել է վարչապետը:
Վարչապետի խոսքից հետո գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ», «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ընկերությունների հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Ե. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։
«Կնքվող պայմանագրերն ուժի մեջ են մտնում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու` ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ Այդ պահից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում Երևանի Մ. Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման` «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար։ Պայմանագրերի կնքումից հետո մասնավոր ներդրումների հաշվին կորսված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր», – ասված է ՀՀ կառավարության որոշման մեջ։