ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը վստահ է, որ Քոչարյանը խոսելու է մինչև խորհրդարանական ընտրությունները, թեև չգիտի հստակ ժամանակը: Այս մասին նա հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:
«Կարող եմ ենթադրել միայն, որ մինչև խորհրդարանական ընտրությունները կխոսի, հարցազրույց կլինի, թե հայտարարություն, հիմա դժվարանում եմ ասել», – ասել է Սողոմոնյանը։
Լրագրողը նրան հարց է ուղղել կապված այն փաստի հետ, որ Ռոբերտ Քոչարյանին չեն հրավիրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին, ինչին Սողոմոնյանը պատասխանել է, որ հնարավոր չէ հիշել որևէ մի համագումար, որին Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է:
«Չի եղել նման դեպք ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ նախագահ է եղել, ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ վարչապետ եղած ժամանակ, ոչ 10 տարվա նախագահության ընթացքում», – հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Նա նաև հերքել է տարածված լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրներ ունի` նշելով, որ այսօր նա Հայաստանում է և հետևում է քաղաքական գործընթացին: