ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պահանջում է ՀՀ ոստիկանությունից թույլ տալ Մաշտոցի պուրակում պայքարող բնապահպան ակտիվիստներին մեկ վրան տեղադրել: Հիշեցնենք, որ երեկ երեիկոյան ոստիկանները ապամոնտաժել են վրանը, ինչն առաջացրել է ակտիվիստների դժգոհությունը:
«Դեռևս 2011 թվականի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ընթացքում անհրաժեշտ վրանի տեղադրման վերաբերյալ հանդես եմ եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության հիմնական իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների մեկ վրանի ապամոնտաժման գործողություններին: Հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները՝ հանրությանը և հատկապես ոստիկանությանը մեկ տարի անց կրկին հայտնում եմ, որ անձանց կողմից մեկ վրանի տեղադրումը որպես հավաքն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների տեղադրումը», – այսօր տարածած իր հայտարարության մեջ նշել է օմբուդսմենը` կոչ անելով ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը: