Այսօր կայացած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարին հրավեր են ստացել բոլոր քաղաքական ուժերը բացի իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Այն հարցին, թե ինչպես է այդ դեպքում վերջերս ԲՀԿ անդամ դարձած Վարդան Օսկանյանը հայտնվել համագումարին, Անուշ Սեդրակյանը պատասխանել է, որ նա ներկա է որպես վերլուծաբան:
Լրագրողների հետ զրույցում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը հայտարարել է, որ Վարդան Օսկանյանի` համագումարին ներկա լինելը նրան չի ազատում Մարտի 1-ի պատասխանատվությունից:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելությում ողջունել է «Ազատ դեմոկրատների» համագումարը, սակայն չի ասել` արդյոք «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ազատ Դեմոկրատների» հետ դաշինքով:
Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին «Ժառանգությունը» որոշում կկայացնի կիրակի:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն իր ողջյունի խոսքում շնորհակալություն է հայտնել «Ազատ դեմոկրատներին»` 100% համամասնական ընտրական համակարգի անցման գործընթացին իր բերած աջակցության համար:
«Դժբախտաբար դեռ Հայաստանում չի եղել նորմալ ընտրությունները, իշխանությունները միշտ վերարտադրվել են, ոչ թե վերընտրվել: Համաձայն ենք «Ազատ դեմոկրատների» հետ, որ պետք է այդ վերարտադրման համակարգը արմատախիլ անել»,- ասել է Ռոստամյանը:
Epress.am-ին տված զրույցում համագումարին ներկա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հույս է հայտնել, որ «Ազատ դեմոկրատները» կհայտնվեն խորհրդարանում: Ըստ Կարապետյանի ` այդպիսով «հակակշիռ արևմտյան ուժ կհայտնվի խորհրդարանում և, գուցե, արևմտամետ ու ռուսամետ գաղափարական բևեռների բախումը նոր ծնունդ կտա»:
Նա նաև կարծիք է հայտնել, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» շանսերը ավելի մեծ կլինեն, եթե նրանք միանան: