Մարտի 16-ը որպես քնի խանգարումների դեմ պայքարի օր այս տարի նշվում է նաև Հայաստանում: Այսօր «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» նախագահ Սամսոն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ քնի խանգարումների տակ պետք չէ հասկանալ միայն անքնությունը՝ այն իր մեջ ներառում է մի շարք վտանգավոր խնդիրներ՝ քնի շնչառական խանգարումներ, լուսնոտություն, գիշերային էպիլեպսիաներ, անհանգիստ ոտքերի ախտանիշ:
«Վերը թվարկվածներն անմիջապես կապ ունեն շատ այլ կարևոր առողջապահական խնդիրների՝ սիրտ-անոթային ու նյարդ-անոթային համակարգի, զարկերակային գերճնշումների, շաքարային դիաբետի, տարբեր նյարդահոգեկան շեղումների հետ», – ասել է Խաչատրյանը:
Նրա հավաստմամբ` բժշկությունն այսօր չի կարող նշել նորմալ քնի ժամերի տևողությունը:
«Հնարավոր է նշել միջակայքը, որի ընթաքում քնելը համարվում է նորմալ՝ 5-ից 8 ժամ: Հետազոտությունների շնորհիվ 5 ժամից պակաս քնողների և նույնիսկ 8 ժամից ավել քնող մարդկանց մոտ հիվանդացությունն ու մահացությունը ընդհանուր բոլոր պատճառների գումարով ավելի բարձր է, քան 5-8 ժամ քնողների մոտ: Քնի խանգարումները բերում են լուրջ խնդիրների», – ասել է Խաչատրյանն ու կարևորել հատկապես խանգարումներից երկուսը՝ անքնությունն ու շնչարգելությունը քնի ժամանակ:
«Այդ խնդիրներն ուղղակի կապ ունեն շաքարային դիաբետի ու սիրտ-անոթային հիվանդություննրի հետ: Շնչարգելության պատճառներից մեկն էլ ավելորդ քաշն է: Այնքան էլ դժվար չէ քնի խանգարումներ ունեցողին եթե ոչ ինքնուրույն, ապա մասնագետի օգնությամբ կանխել անքնությունը: Արտասահմանյան գրականության մեջ «Լռակյաց մարդասպան» համարվող այս խնդիրը հիվանդը կարող է սկզբնական շրջանում, գուցե նաև տարիներ շարունակ չնկատել, ինչը հետագայում բերում է մահվան քնի ժամանակ», – ասել է Խաչատրյանը:
Նա խորհուրդ է տվել նման խնդիրների դեպքում դիմել մասնագետի օգնությանն ու պարզել անքնության առաջնային խնդիրները:
«Սրանից է կախված՝ բուժումը կշարունակվի դեղորայքային, թե այլ կերպ: Կարևոր է պարզել անքնության նախնական փուլը: Ցավոք, այսօր Հայաստանում դեղորայքային բուժումը հիմնավոր չի կատարվում՝ դեղորայքը պետք է էֆեկտիվ լինի և քանի որ մեր հասարակությունում տարածված է բուսական միջոցների բուժման գաղափարը և խրոնիկական լուրջ խնդիրների դեպքում բուսական թույլ դեղերը կարող են պարզապես վատացնել բուժման ընթացքը, չնպաստել ճիշտ բուժմանը», – ասել է Խաչատրյանը: