Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելիի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այսօր մարտի 16-ին տեղի է ունեցել պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մրցակցային իրավիճակի և ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված հարցեր:
Ծանոթանալով Հանձնաժողովի գործունեության վիճակագրությանն ու աշխատանքների հիմնական ուղղություններին` Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի դեսպան, Գլոբալիզացիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի քաղաքականության հանձնաժողովի անդամ Ստեֆան Աուերը ողջունեց ՀՀ ՏՄՊՊՀ գործելակերպը և ընդգծեց, որ կատարվող քայլերը խիստ կարևոր են ոչ միայն երկրում մրցակցային բարենպաստ միջավայրի, այլ նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսակյունից: Աուերը նշեց, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ, ինչին իր գործունեությամբ նպաստում է նաև Հանձնաժողովը` ստեղծելով վստահելի և բարենպաստ ազատ մրցակցային միջավայր, հայտնում է ՀՀ ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունը:
Խոսելով Հանձնաժողովին տրված լիազորությունների մասին, Ս. Աուերը նշեց, որ տնտեսվարողների մոտ լիարժեք ստուգումներ իրականացնելու իրավասությունը կնպաստեր Հանձնաժողովի ադյունավետության էլ ավելի բարձրացմանը: Նա նշեց, որ ոչ միայն Գերմանիայում այլ նաև ԵՄ մակարդակով այն շատ կարևոր գործիք է, քանի որ մեծացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացքում փաստերի հավաքագրումը և ապացուցողական հնարավորությունները` նպաստելով իրավախախտումների լիարժեք բացահայտմանն ու նաև պետական եկամուտների ավելացմանը:
Ավելի քան 30 տարի հայկական շուկայում գործող «Քրոնոմետ» ընկերության տնօրեն Թոմաս Հայլը հետաքրքրվեց, թե ինչքանով է Հանձնաժողովը ուշադրություն դարձնում պետական գնումների համակարգին, ընդգծելով, որ այն շատ կարևոր է թե ընկերությունների համար և թե պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխման տեսանկյունից: Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ պետական գնումների համակարգի ուսումնասիրությունը 2012 թվականի առաջնահերթություններից է: Արդեն իսկ կան հարուցված վարույթներ դեղորայքի շուկայում, իսկ տարվա ընթացքում կուսումնասիրվեն նաև այլ ոլորտներ: