ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, թե ՌԴ Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ներողություն է խնդրել Ալլա Պուգաչյովայից, որի հետ վերջինս ընդհարում էր ունեցել նախագահական ընտրությունների շրջանակներում տարվող նախընտրական քարոզարշավի ընթացքում, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է «Ռիա Նովոստին»: Քաղաքական գործիչը ոչ ոքից ներողություն չի խնդրել, հայտարարել է Ժիրինովսկու մամլո ծառայության ներկայացուցիչը:
Պուգաչյովայի և Ժիրինովսկու միջև ընդհարումը տեղի էր ունեցել Լիբերալ դեմոկրատների առաջնորդի և միլիարդատեր գործարար Միխայիլ Պրոխորովի հեռուստադեբատի ընթացքում: Պուգաչյովան եկել էր սատարելու իր թեկնածու Պրոխորովին և Ժիրինովսկուն հարց էր ուղղել այն մասին` արդյոք վերջինս պատրաստվում է փոխել իր վարքը նախագահ դառնալու դեպքում: Հարցը վրդովվեցրել էր Ժիրինովսկուն, արդյունքում նա սկսել էր վիրավորել երգչուհուն:
Քաղաքական գործչի մամլո ծառայությունում նշել են նաև, որ Ժիրինովսկին նախկինի պես դատապարտում է Պուգաչյովայի պահվածքը, ով «արհամարհում է իրեն գովաբանող երկրպագուներով համերգային դահլիճի և քաղաքական հեռուստահաղորդման տաղավարի միջև առկա տարբերությունը»: Կուսակցության ներկայացուցիչը նաև խնդրել է լրագրողներին այլևս տեղեկատվական լուրեր չհորինել: