Գերմանիան կողմ է և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև հույս ունի, որ ԵԱՀԿ համանախագահների ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում կգտնվի խաղաղ եղանակով փոխզիջումային տարբերակ: Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարներ Գիդո Վեսթերվելեն:
Գերմանացի լրագրողներից մեկը հարցրել է Էդվարդ Նալբանդյանին, թե որն է պատճառը, որ ԼՂ հարցում չկա որևէ առաջխաղացում: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ կատարվող նախապատրաստական աշխատանքներ են եղել` ուղղված փոխհամաձայնության գալուն սկզբունքների շուրջ, սակայն, երբ կողմերը համաձայնության են եկել, Ադրբեջանը տասը փոփոխություններ է առաջարկել, և դա է եղել պատճառը, որ հնարավոր չի եղել այդ հարցում առաջընթաց ապահովել:
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները երկու երկրների 20 տարվա դիվանագիտական հարբերությունների ընթացքը դրական են գնահատել:
Վեսթերվելլեն նշել է, որ սերտ հարաբերությունների ընթացքում Գերմանիան աջակցում է Հայաստանում իրավական տնտեսական հարաբերությունների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը: