2008 թիվն անցավ, և այժմ Հայաստանն այլ իրականության մեջ է ապրում, իսկ շատ ուժեր մնացել են անցյալում, այդ թվում` ՀՀՇ շատ անդամներ: Այս մասին այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
«Դաժան բան ա պարտվելը: Բայց եթե չես խոստովանում պարտությունդ, չես կարողանա շարժվել առաջ: Ուրախ եմ, որ այս դահլիճում մարդիկ են, որվքեր քաջություն ունեցան ընդունելու, որ պարտվել են, ու շարժվեցին առաջ: Ուրախ եմ, որ ՀՀՇ-ի շատ անդամներ առաջ շարժվեցին և ստեղծեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը»,- ասել է Մարինե Պետրոսյանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ հայաստանյան հասարակության մի հատվածը սխալ է ընկալում ազատականությունը, իսկ ազգայինը ասոցացվում է սյունյաց արծվների հետ:
Հայ Ազգային Կոնգրեսի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ևս ողջունել է ՀՀՇ նախկին անդամների կողմից «Ազատ դեմոկրատների» ստեղծումը:
«Ի տարբերություն ՀՀՇ-ի, որ ձևավորվեց բավական խայտաբղետ մասսայի վրա «Դեմոկրատները» ձևավորվեցին փորձառու մարդկանց կողմից, ուստի` ավելի մեծ է պատասխանատվությունը: Ուզում եմ, որ ձեր կուսակցությունը դասեր տա կուռքերի գերի դարձած մարդկանց, ցրեք կեղծիքի նողկալի մթնոլորտը»,- ասել է Կարապետ Ռուբինյանը:
Համագումարին մասնակցել է նաև ՀԱԿ անդամ «Պահպանողական կուսակցությունը»: Կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հայտարարել է, որ ի դեմս Ազատ Դեմոկրատների տեսնում է ապագաղութացման պայքարում իրենց դաշնակից:
«Վերջապես բացենք ԿԳԲ-ի արխիվները: Մեր առաջին քայլը ռուսական գաղութացումից ազատումն է: Մեր քաղաքական վերնախավի անկատարությունը ԱՊՀ կոչված անախրոնիզմն է: Մեր երկրի անվտանգության երաշխիքը ՆԱՏՕ-ն պետք է լինի»,- ասել է Պահպանողական կուսակցության նախագահը:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ իրենց ծրագրի առանցքն են կազմում հետևյալ կետերը. ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորումը, ԼՂՀ մասնակցությունը Մինսկի խմբի բանակցություններին, Հայասնատի նորմալ հարաբերությունների ստեղծումը բոլոր հարևանների հետ, ԵՄ-Հայաստան հարաբերությունները:
Նրա խոսքով` վաղուց հասունացել է «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միավորման ժամանակը: «Մենք գտնում ենք, որ «Ժառանգությունն» այն ուժն է, որը կարող է հանգեցնել լուրջ փոփոխութունների»,- ասել է Քոքոբելյանը, սակայն պաշտոնական հայտարարություն միավորման մասին դեռ չի հնչեցրել: