Մարտի 14-ին խայտառակ դեպք է տեղի ունեցել ՀՀ Զինված ուժերի Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում, ուր զորամասերից մեկում դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով բերման են ենթարկվել մի խումբ զինվորների և դաժան ծեծի ենթարկվել, տարածած հաղորդագրության մեջ գրում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:
Նախաձեռնության անդամների տեղեկությունների համաձայն, դեպքին անմիջական մասնակցություն են ունեցել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:
«Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սևանցի մի երիտասարդ, որին «լռեցնելու» նպատակով, ծեծելուց հետո, ետ են տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և, պահանջելով որևէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել:
Այս ամենում առավել մեծ զզվանք է առաջացնում զորամասի հրամանատարի կեցվածքը, որը Ռազմական ոստիկանության հետ հարաբերությունները չսրելու նպատակով, համաձայնել է մտնել այդ կեղտոտ խաղի մեջ` ռազմական ոստիկանների ձեռքերից ծեծված վիճակում ընդունելով զինվորին և տուն ուղարկելով:
Հատկանշական է, որ Արսենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի գործում է ներգրավվել զուտ որպես վկա», – նշում են հաղորդագրության հեղինակները: