Մարտի 14-ին՝ առավոտյան 9.15 սահմաններում 9-րդ հարկի իր բնակարանի պատուհանից իրեն դուրս նետած 59-ամյա Լիլիա Մ.-ն սկզբում հայտնվել է 8-րդ հարկի լվացքի պարանին, այնուհետ, մի քանի վայրկյան անց, երբ պոկվել է պարանը, կինն ընկել ու կախվել է շենքին կից այգու երկաթյա ձողերին: Հարվածի ուժգնությունից բարձրացած աղմուկից դուրս է վազել առաջին հարկում բնակվող հարևանուհին՝ Մարինեն, ում բնակարանի անմիջապես պատուհանի տակ ընկել էր ինքնասպան եղած կինը:
Epress.am-ի հետ զրույցում Մարինեն նշել է, որ, պատուհանից տեսնելով կնոջը, ինքն առաջինն է դուրս վազել, սակայն ոչնչով օգնել չի կարողացել:
«Երբ մոտեցա, կինը վերջին շնչում էր, մատերը շարժվում էին, աչքերը բարձրացրեց, նայեց ինձ, ուզում էր ինչ-որ բան ասել, սակայն չհասցրեց: Տեսարանը սարսափելի էր՝ 59-ամյա Լիլիան բերանքսիվայր կախվել էր երկաթյա ճաղերին, ձեռքից արյունն էր հոսում, ինչը, հավանաբար, լվացքի պարանի պոկվելու հետևանքով էր եղել: Մարմնի հարվածից ծռված երկաթյա ձողին հայտնված կնոջ ողնաշարն ու մարմնի մնացած ոսկորներն ամբողջությամբ ջարդուփշուր էին եղել, ինչպես հետո վկայեցին բժիշկները», – պատմել է Մարինեն:
Դեպքից րոպեներ անց օգնության է հասել նաև Մարինեի հայրը՝ Լյովան, ով Epress.am-ին պատմել է, որ չի հասցրել հասնել աշխատանքի վայր, երբ զանգել է աղջիկն ու խնդրել շտապ տուն գալ:
«Մտա բակ, մտածեցի՝ կարող է դեռ կենդանի է, կհասցնեմ օգնություն ցույց տալ, սակայն, մոտ գնալով, հասկացա, որ արդեն ուշ է, կինն արդեն մահացել էր: Մինչ տուն գալս Մարինեն արդեն հասցրել էր ոստիկանություն և շտապ օգնություն կանչել: Սպասեցինք այնքան, մինչև երկուսն էլ եկան ու փաստեցին, որ կինն արդեն մահացել է», – պատմել է նա ու հավելել, որ ավելի ուշ դեպքի վայր եկած քննիչները բարձրացել են Լիլիայի տուն, փորձել են բացել դուռը, քանի որ այն բանալիով փակված է եղել ներսից, այնուհետ լոմով բացել են այն ու ներս մտել: Խոհանոցի պատուհանի մոտ դրված է եղել աթոռը, որին բարձրացել է կինը, կանգնել է մեջքով դեպի դուրսն ու ներքև է նետվել», – ասել է Լյովան:
Ութերորդ հարկում բնակվող Մանվելն Epress.am-ին պատմել է, որ ինքը սովորաբար այդ ժամին նստում է պատուհանի մոտ ու սուրճ է ըմպում: Նրա խոսքով՝ անգամ 1988-ի ավերիչ երկրաշարժը, որի անմիջական ականատեսն է եղել ինքը, այնքան սարսափելի չէր, որքան այս դեպքը:
«Երկրաշարժին Նալբանդ գյուղում զոհ գնաց կնոջս գրեթե ամբողջ ազգությունը, բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ տեսել ու զգացել եմ, բայց Լիլիայի մահն առավել ծանր էր: Շոկի մեջ եմ՝ ո՞նց ընկավ պարանին: Նստած էի պատուհանի մոտ, մեկ էլ տեսնեմ՝ մի բան հարվածեց պարանին, սկզբում ինձ թված, թե խալի ընկավ, նայեցի տեսնեմ՝ Լիլիան ա, մի քանի վայրկյան պարանը պահեց նրան, հետո պարանը պոկվեց ու կինը միանգամից ընկավ», – պատմել է նա:
«Դեպքի նախորդ օրը Լիլիային մի քանի վայրկյան եմ տեսել, իսկ դեպքի օրը, դե օրը նոր էր սկսվել, միայն լսել եմ դռան բացվելու ու փակվելու, նաև բանալու ձայնը: Նա, ըստ սովորույթի, ամեն օր ժամը 7-ին դուրս էր գալիս աղբը թափելու: Այնուհետ ես գնացի աշխատանքի, իսկ րոպեներ անց զանգեց աղջիկս ու հայտնեց նրա ինքնասպանության լուրը»,- պատմել է Լիլիայի կողքի հարևանուհին՝ Նարինեն:
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 31շենքի 27 բնակարանի բնակչուհի 59-ամյա Լիլիան Հայաստան է եկել Ադրբեջանից, բնակվել է մոր հետ, ում մահից հետո արդեն մեկ տարի է, ինչ բոլորովին միայնակ էր բնակվում՝ վկայել են հարևանները: Հարևանների տեղեկությամբ՝ կինը որպես հավաքարար աշխատել է թաղամասի բուքմեյքերական գրասենյակներից մեկում, իսկ ազատ ժամերին զբաղվել է եղունգների խնամքով:
«Երբ մահացավ Լիլիայի մայրը, հարևաններով օգնեցինք դուրս հանել տան հնոտիները, իսկ մորը դիահերձարանից տուն չբերեցին: Անմիջապես դիահերձարանից էլ երեք հոգով դին տարել էին գերեզմանատուն ու թաղել: Անշուք թաղումը պայմանավարված էր Լիլիայի միայնակ լինելու փաստով: Ասում են՝ լավ քեռիներ ու մորաքույրներ է ունեցել, սակայն որևէ մեկի հետ չի սիրել շփվել: Նրան այցելած կամ նրանով հետաքրքրվող որևէ հարազատի կամ բարեկամի երբևէ չենք տեսել: Ինքն երեխեք ունի՝ մի տղա ու մի աղջիկ, որոնք մոր հետ շփում չունեն: Ասում են՝ երկուսն էլ Ռուսաստանում են ապրում, բայց մորը բացարձակ չեն օգնում: Երբ տատի մահվան լուրը Լիլիան տվել էր տղային, նա էլ հրաժարվել էր գալ՝ պատճառաբանելով, որ գումար չունի»,- պատմել է Նարինեն:
Կինն ապրել է սոցիալական դժվար պայմաններում՝ գրեթե դատարկ նրա բնակարանը ողջ ձմեռ չի ջեռուցվել:
«Տարական պայմաններ չուներ, ոչ տաք ջուր, ոչ գազ, տանը սառնամանիք էր: Հեռուստացույցը փչացել էր, սառնարանը՝ նույնպես: Սկզբում, երբ եկավ մեր շենք, շատ խնամված էր՝ բարձրահասակ, լիքոտ, վերջերս շատ էր փոխվել ու խեղճացել: Ասում են` երեք ամիս է, ինչ չէր լողացել», – պատմել է հարևանուհի Նարինեն:
Հարևաններից շատերը Epress.am-ին տեղեկացրել են, որ ինքնասպան եղած կինը հավասարակշռված ու ինքնամփոփ էր՝ չէր սիրում շփվել, սակայն երբևէ նեղություն էլ չէր պատճառի:
«Սուսիկ- փուսիկ էր, գալիս էր տուն ու փակվում: Չէր սիրում դուրս գալ ու հարևանների հետ զրույցի բռնվել, ապրում էր անշուք կյանքով ու այդպես անշուք էլ հեռացավ: Շատ ցավալի է նման մահը, չէինք ուզենա, որ այս կերպ հեռանար կյանքից», – նշել են հարևաններից մի քանիսը:
Նրանք տարակուսած են՝ ով է կազմակերպելու 59-ամյա կնոջ թաղման արարողությունը, ում այդպես էլ տուն չեն բերել, և ու՞մ է բաժին հասնելու նրա մեկ սենյականոց բնակարանը, որի ամբողջ ունեցվածքը ընդամենը մեկ մահճակալն ու սեղանն են, որի վրա նրա մահվանից հետո մի քանի դեղ, մեկ հինգ հազար դրամանոց ու մետաղադրամներ են մնացել:
Թե իրականում ինչն է եղել 59-ամյա կնոջ մահվան պատճառը, հարևանները դժվարացել են ասել՝ կպարզի նախաքնությունը, նամանավանդ, որ մահվանից առաջ գրություն չի թողել: Նրանք չեն բացառել նաև բնակարանի պատճառով ինքնասպան լինելու հանգամանքը, քանի որ նախկինում տան հետ կապված խնդիրներ է ունեցել:
«Հետո էլ ասում են՝ ինչու են ինքնասպան լինում, ինչ պայմաններում ենք ապրում, ի՞նչ ենք ուտում, ինչո՞վ է ապահովել մեզ պետությունը: Ի՞նչ իմանաս՝ ի՞նչ ցավ ուներ, երբեք չէր կիսվում ու չէր բողոքում, բայց ո՞վ գիտի, թե ի՞նչ կար հոգու խորքում ու ինչո՞ւ է գնացել այդ քայլին», – եզրափակել է հարևանուհի Ջուլիետտան: