Էկոլոգիական վիճակը Հայաստանում շարունակում է սրընթաց վատանալ: Չնայած ընդունված օրենքներին և որոշունմերին` խոշոր կորպորացիաները հանքօգտագործման բնագավառում շարունակում են անխնա կյանքի կոչել ՀՀ-ի ազգաբնակչության նկատմամբ հանցագործ պլանները: Այս մասին ասված է Հայկական Տեխնոլոգիական ակադեմիայի (ՀՏԱ) ու Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի (ԷԱԿԳՄԱ- МАНЭБ)` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:
Տվյալ երկու կառույցները 2011թ. ապրիլի 6-ին Մոսկվայի տանը կազմակերպել էին կլոր սեղան նվիրված լեռնա-հանքահումքային արտադրությունների մեջ էկոլոգիական մաքուր տեխնոլոգիաների օգտագործման հարցերին:
Կլոր սեղանից հետո երկու ամիս աշխատանքներ են տարվել բանց նամակ գրելու ուղղությամբ, սակայն, ինչպես նշում են հեղինակները, էկոլոգիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չկարողացան նամակը տպագրել մամուլում և անդրադառնալ հեռուստատեսությամբ, այլ ընդամենը «1-2 թերթերում աննշան նշումներ երևացին այդ նամակի վերաբերյալ»:
Հայաստանում հանքարդյունավերության ոլորտում զարգացումները հաշվի առնելով` 2 ակադեմիաները որոշեցինք այժմ կրկին անդրադառնալ նամակին` այն ուղարկելով ԶԼՄ-ներին:
Նամակում ընդգծվում է, որ գործող օրենքների և բնապահպանական նորմերի պահանջների չկատարելը հատել է խոցելիության սահմանը` իրենց գործողությունների արդյունքում թողնելով ծանր մետաղներով և այլ վնասակար քիմիական տարրերով հարուստ ամբողջական տարածաշրջաններ:
«Դրա հետևանքով` այդ և հարակից շրջանների գյուղատնտեսական արտադրանքների, ջրի և օդի պարունակության մեջ նկատելիորեն ավելացել են ծանր մետաղների ու քիմիական թունավոր նյութերի քանակը: Որպես արդյունք` խորացող սոցիալական շերտավորումը ավելի է ծանրացնում ՀՀ ազգաբնակչության սոցիալական վիճակը, աղքատության անդադար աճը: Անընդհատ ավելանում են քաղցկեղածին և այլ քրոնիկ հիվանդությունների քանակը ազգաբնակչության շրջանում: Չնայած մեր երկրում բացվում են նոր հանքեր, և, ըստ մեր պետական այրերի, հանքարդյունաբերությունը պետք է բարելավի մեր ժողովրդի վիճակը, բայց հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները ոչ միայն անտեսանելի են տրված վնասների համեմատ, այլև`անհատուցելի», – նշված է նամակում:
Դիմելով Սերժ Սարգսյանին` հեղինակները խնդրում են լիարժեքորեն օգտագործել ՀՀ նախագահին սահմանադրորեն ամրագրված իշխանական լծակները` լեռնահանքահումքային արտադրություններում կարգուկանոն հաստատելու նպատակով` առաջարկելով իրականացնել հետևյալ միջոցառումները.
«Առաջին` ավելացնել պետական բաժնեմասերը Հայաստանի ընդերքի շահագործման ասպարեզում` ներկայիս 5%-ից հասցնելով մինչև 25% և ավելի, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում:
Երկրորդ` քայլեր ձեռնարկել պարզելու հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների բաշխվածությունը մեր երկրում:
Երրորդ` թույլատրել օգտագործել հանրապետության տարածքում միայն առաջավոր, բնապահպանական տեսանկյունից մաքուր տեխնոլոգիաներ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված` ստեղծել արգելված տեխնոլոգիաների ցուցակ: Կարծում ենք` հանրապետությոնում առկա է մեծ գիտական ներուժ նոր և մաքուր տեխնոլոգիաների մշակման համար:
Չորրորդ` չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները:
Հինգերորդ` արգելել ՀՀ քաղաքների և համայնքների վարչական տարածքներում ինչպես նաև բնապահպանական կարևորագույն արգելոցների շրջակայքերում նոր լեռնահանքահումքային գործունեության իրականացում», – գրում են նամակի հեղինակները:
Նրանք նշում են, որ չեն ցանկանում հետամնաց երկրների նման դառնալ խոշորագույն միջազգային կորպրացիաների լեռնահումքային կցորդ:
«Եթե այսօր չկարողանանք կատարել այս աշխատանքները, ապա վաղն արդեն ուշ կլինի և նույնիսկ ապրելու տեղ չենք ունենա», – եզրափակում է նամակը: