Սիրիայի նախագահ Բաշար Ասադի շուրջ 3000 էլեկտրոնային նամակները, որոնք տեղի ընդդիմության ջանքերով արևմտյան ԶԼՄ-ների ձեռքում են հայտնվել, հնարավոր ամուսնական դավաճանության մասին որոշ տեղեկություններ են հաղորդում: Լրագրողների մոտ կասկած է արթնացրել մի քանի «ընկերուհիներից» 46-ամյա Ասադին ուղարկված նամակների բովանդակությունը:
Այսպես, դեկտեմբերին նախագահ Ասադը նամակ էր ստացել, որը բավական «համարձակ» նկարներ էր պարունակում: Նկարներում երիտասարդ կին է պատկերված` ներքնազգեստով: Նրա դեմքը կիսով չափ է հնարավոր տեսնել, այդ իսկ պատճառով նրա ով լինելը անհայտ է դեռ:
Հրապարակվող նամակագրության բովանդակությունից ելնելով, կարելի է ասել, որ նախագահի փոստին անձնական բնույթի նամակներ են եկել նաև այլ հասցեներից: Օրինակ, նախագահի PR ծառայության աշխատակիցն իր նամակում կատարում է իր երիտասարդ գործընկերորջ` Շահրեզադե Ջաֆարիի խնդրանքը և փոխանցում է նրա հաղորդագրությունը: Աղջիկը, մասնավորապես, խնդրել էր փոխանցել, որ ինքըԱսադին «շատ շատ սիրում է» և խիստ կարոտում, գրում է The Daily Mail-ը:
Սիրիական նախագահի մեկ այլ օգնական` Խադիլ Ալ Ալին իր նամակին կցել է նաև Ասադի նկարը երիտասարդ տարիքում, հավելելով հետևյալ գրառումը. «Այնքան պուպուշն է»:
Ասադը նաև բավական երկար ժամանակ նամակագրական կապի մեջ է եղել մի կնոջ հետ, որի հետ փոխանակվում էին լիբանանյան սիրային երգերով: Պատասխաններից մեկում նա արաբական խորհրդանիշ է ուղարկել, որը նշանակում է «ես սիրում եմ քեզ»: Վարկածներից մեկի համաձայն, կնոջ անունը` Ռաշա Մուակե է:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Ասադի կինը`36-ամյա Ասմա Ասադը արձագանքել ամուսնու հնարավոր դավաճանության մասին լուրերին: Ինքը, ըստ ամենայնի, վստահ է, որ իրենց ընտանեկան հարաբերությունները իր վերահսկողության տակ են գտնվում: Այսպես, օրինակ, իր ընկերներից մեկի հետ նամակագրության մեջ Ասմա Ասադը հայտարարել է, որ իրենց զույգի մեջ առաջնորդի դեր է տանում հենց ինքը:
«Ճիշտն ասած, իսկական բռնապետը ես եմ: Նա այլընտրանք չունի»,-ասված է Ասադի տիկնոջ նամակներից մեկում:
Հիշեցնենք, որ Էլեկտրոնային փոստով ուղարկված մոտ 3000 հաղորդագրություններ պարունակող արխիվը ավելի վաղ The Guardian-ին էին փոխանցել Սիրիայի հեղափոխական գերագույն խորհրդի ներկայացուցիչները: Պարբերականը պնդում է, որ հանգամանորեն ուսումնասիրել է հաղորդագրությունների իսկությունը, և հավանաբար կարելի է խոսել այն մասին, որ նամակագրությունն իրոք պատկանում է Ասադին: Թեև, ինչպես ընդգծում է թերթը, «ամբողջությամբ բացառել կեղծիքի հավանականությունը նույնպես հնարավոր չէ»: