Նախորդ շաբաթ կայացել է ռեժիսոր Վիկտորիա Գրուդինսկայայի «Օրբելիների ծածկագիրը» վավերագրական ֆիլմի պրեմիերան. մարտի 20-ին ֆիլմը կցուցադրվի «Կուլտուրա» հեռուստաալիքով: Ֆիլմը պատմում է հին հայկական Օրբելի ազգի երեք եղբայրների մասին, որոնք իրենց ողջ կյանքը գիտությանը և մշակույթին և առհասարակ «հայրենիքի բարօրությանն» են նվիրել, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Ֆիլմը նվիրված է Օրբելի եղբայրներից կրտսերի` Հովսեփի 125-ամյակին:
«Օրբելիների ծածկագրի» հեղինակներ Վիկտորիա Գրուդինսկայան և Աշոտ Ջազոյանը կարծում են, որ ինչ-որ գենետիկ կոդ կա այս ընտանիքում, որը իրենք փորձել են բացահայտել: Ֆիլմի շուրջ տարվող աշխատանքներն ավելի քան մեկ տարի են տևել: Նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանի երկու քաղաքներում` Մոսկվայում և Պետերբուրգում, ինչպես նաև Վրաստանում և Հայաստանում:
«Հիմնական բարդությունը, որին մենք բախվել ենք ֆիլմի աշխատանքներն իրականացնելիս, ավագ եղբոր` Ռուբեն Օրբելու մասին տեղեկություններ գտնելն էր, որովհետև նրա մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, չկան նաև նրա անմիջական ժառանգները,- պատմել է Վիկտորիան: – Բայց աշխատելը շատ հետաքրքիր էր: Ես ինձ համար նոր կովկասյան մշակույթ եմ բացահայտել»: