Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը մարտի 24-ից մինչև ապրիլի 7-ը Հայաստանում անցկացնում է «Ստոպ» կինոփառատոնը:
Փառատոնի առաջին երկու օրերը կանցնեն Երևանի Հ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում. մարտի 24-ին կցուցադրվի վրաստանցի ռեժիսորներ Լևան Թութբերիձեի և Գիորգի Խարաբաձեի «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» ֆիլմը, իսկ մարտի 25-ին` Վանո Բուրդուլիի «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ 2՝ կոնֆլիկտի գոտի» ֆիլմը:
Ֆիլմերից հետո դրանց վերաբերյալ զեկույցներ կհնչեցնեն իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, լրագրող Յուրի Մանվելյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը և իրավապաշտպան Լուիզա Պողոսյանը:
Կանցկացվեն քննարկումներ «Միմինոյից՝ այսօր – Հարավկովկասյան տրանսֆորմացիա», «Պատերազմը արվեստում՝ ինքնամաքրման, թե՞ վերարտադրման գործընթաց» թեմաներով:
Մարտի 28-29-ին ֆիլմերի ցուցադրումներն ու քննարկումները նախատեսված են Գյումրիում, որտեղ բանախոսը կլինի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, մարտի 31 – ապրիլի 1-ին` Նոյեմբերյանում (բանախոս` լրագրող Ոսկան Սարգսյան), ապրիլի 4-5` Վանաձորում (բանախոս` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց), ապրիլի 6-7-ը` Ճամբարակում (բանախոս` Զինաիդա Մկրտչյան):
Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Ֆիլմերը թարգմանված են հայերեն, իսկ մուտքն ազատ է, նշում են կազմակերպիչները: