Դամասկոսում կառավարական զորքերը մարտեր են սկսել սիրիական ընդդիմության զինված ուժերի դեմ: Բախումները սկսվել են մայրաքաղաքի ամենավերահսկելի թաղամասերից մեկում: Ականատեսները նշում են, որ կողմերը գնդացիրներ և ականանետ են օգտագործում:
Բախումները սկսվել են Սիրիայի մայրաքաղաքի Ալ Մազե թաղամասում: Սա Դամասկոսի ամենավերահսկվող թաղամասերից է, քանի որ այստեղ տեղակայված է ռազմական օդակայանը, ինչպես նաև Սիրիայի անվտանգության ծառայություններին և դրա աշխատակիցներին, այդ թվում` երկրի նախագահ Բաշար Ասադի բարեկամներից մեկին պատկանող շենքերը:
Թաղամաս ծանր հրետանի է մտցվել: Ոստիկանները Ալ Մազեում մի քանի փողոցներ են փակել և անջատել են փողոցային լուսավորությունը:
Միաժամանակ սիրիական բանակը հետապնդում է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ գավառի ընդդիմադիրներին: «Սիրիական ազատ բանակ» գրոհայինների զորքերը նահանջում են դեպի Թուրքիայի սահման և դիմադրություն են ցույց տալիս կառավարական ուժերին: