ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի հրապարակված առաջին 20 տեղերը անփոփոխ կմնան, մինչդեռ մնացած մասը` 230 անունները դեռ քննարկման փուլում են:
ՀՀԿ-ի փոխնախագահը վստահեցրել է, որ ներկայացուցչական ցուցակում ներգրավված են բոլոր մասնագիտական ոլորտներում գիտակ մարդիկ:
«ԱԺ Հայաստանի դեմքն է` դրսի և ներսի համար: Ուստի պետք է ոչ միայն իրավաբաններ ու տնտեսագետներ լինեն, այլև արվեստի մարդիկ: Այն պատգամավորները, որոնք հիմա էլ ակտիվ աշխատում են, էլի կլինեն ԱԺ-ում», – ասել է Զոհրաբյանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ցուցակում ընդգրկվել են վատ համբավ ունեցող մարդիկ, մասնավորապես, խոսելով Գագիկ Բեգլարյանից, ով Երևանի քաղաքապետի պաշտոնից 2010 թվականի դեկտեմբերին ազատվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Արամ Կանդանյանին ծեծի ենթարկելուց հետո, կամ գեներալ Մանվել Գրիգորյանից, Զոհրաբյանը ասել է, որ խնդիր չի տեսնում նրանց շանս տալու մեջ:
«Բոլորս գիտենք Բեգլարյանի պատմությունը, ի վերջո նա հասկացավ իր սխալը հրաժարական տվեց: Մանվել Գրիգորյանը հերոս է պատերազմի, այդ կողմից նայեք նրան: Ես խնդիր չեմ տեսնում», – ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Անդրադառնալով մի շարք ՀՀԿ-ականների, մասնավորապես, կուսակցության հնաբնակ Վազգեն Կարախանյանի դժգոհությանն այն փաստի կապակցությամբ, որ ինքը հայտնվել է ցուցակի ստորին հորիզոնականներում` Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ այդ մասին գրած «Հրապարակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերը չափազանցնում են:
«Կարախանյանն իր արժանի տեղն ունի ՀՀԿ-ում և հայոց պատմության մեջ, էնպես չի, որ նա գնահատված չի: Ինչպես ասացի, բոլոր ցուցակի անդամները չեն գալու ԱԺ, մեր հաշվարկներով այնքան ձայն կհավաքենք, որ Վազգեն Կարախանյանն էլ կհայտնվի ԱԺ-ում», – ասել է Զոհրաբյանը:
ԲՀԿ համագումարին Ծառուկյանի և Օսկանյանի ելույթները գնահատելով` ՀՀԿ փոխնախագահը ասել է, որ դրանցում ընդդիմադիր տարերը ինքնաքննադատության նշան են և ուղղված չեն ՀՀԿ-ին, քանի որ ԲՀԿ-ն ևս իշխանության մաս է կազմում: