Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցից երկու օր առաջ` ապրիլի 22-ին երկու հայազգի արվեստագետներ` երաժիշտ Սերժ Թանկյանը և ռեժիսոր Ատոմ Էգոյանը, կհանդիպեն` քննարկելու համար Ցեղասպանության թողած ազդեցության հետ կապված խնդիրները: Հանդիպումը տեղի կունենան The Hammer Museum արվեստի և մշակույթի կենտրոնում, հայտնում է asbarez.com կայքը:
Ատոմ Էգոյանը կանադահայ կինոռեժիսոր է: Ծնվել է 1960-ին Կահիրեում, մեծացել` Արևմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Հայոց Ցեղասպանության մասին պատմող Էգոյանի «Արարատ» ֆիլմը արժանացել է կանադական Ջենի փառատոնի Լավագույն ֆիլմ մրցանակին, այն նաև երևանայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթող է դարձել: Ատոմ Էգոյանը յոթ անգամ արժանացել է Կանադայի խոշորագույն Ջենի կինոփառատոնի մրցանակին:
Սերժ Թանկյանը ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան է։ Թանկյանն աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: 2011 թվականին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերի համար: