Հայաստանյան պատվիրակությունը մասնակցելու է ապրիլի 1-ից 4-ը Բաքվում կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 2-րդ լիագումար նիստին:
Պատվիրակության կազմն առայժմ հայտնի չէ: Նշենք, որ փետրվարին Հայաստանում կայացած «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել էր 3 ադրբեջանցի պատգամավոր` Ռովշան Ռզաևը, Ազայ Գուլիևն ու Ֆարաջ Գուլիևը:
Նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակութան անդամ Ազայ Գյուլիևը հայտնել է, որ տարածաշրջանային համագործակցությունը խոչընդոտվում է բոլորին հայտնի տարածաշրջանային խնդիրների պատճառով` նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտությունը:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ԼՂ հարցը լուծվի միջազգային չափանիշներին համապատասխան: Դրանից հետո դռներ կբացվեն և’ Ադրբեջանի, և’ Հայաստանի համար», – ասել է Գյուլիևը:
Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի հայտարարությանը` ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է.
«Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանային համագործակցությանը` մինուս Հայաստան: Մենք հույս ունեինք, որ գոնե այս հանդիպումը չի վերածվի ավանդական վեճի»:
Թեմայի շուրջ կարծիք է հայտնել նաև «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ «Եվրանեսթի» հանդիպումը պատշաճ վայրը չէ հայ-ադրբեջանական հարաբերությունները ճշտելու համար:
«1992-95թթ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների ակտիվ համագործակցություն է եղել: 2002 թվականից հետո այն դադարել է: Հիմա ընդամենը պետք է վերսկսել հարաբերությունները: Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում նման մի ծրագիր սկսելու», – ասել է Ալավերդյանը: