Մարտի 12-ին բանտից ազատ արձակված թուրք լրագրողներ Նեդիմ Շեներին (թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակ) և Ահմեդ Շիկին սպառնացել են Twitter-ի միջոցով:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել միկրոբլոգում տեղադրված հայտարարության առնչությամբ և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը լույս սփռել այս խնդրի վրա:
Միկրոբլոգում Faiz Düşmanı (Շահերի թշնամի) կեղծանունով օգտատիրոջ կողմից տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Ուշադրություն, ուշադրություն: Ես նախազգուշացնում եմ կառավարությանը և նրանց, ովքեր կարող են նույնպես նախազգուշացնել իշխանություններին: Էրգենեկոնը պատրաստվում է վերացնել Ահմեդ Շիկին և Նեդիմ Շեներին: Կազմակերպությունը պատրաստվում է սպանել նրանց և մեղքը գցել Ֆեթուլա Գյուլենի կրոնական համայնքի վրա»:
Շիկը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը հայտնել է, որ շատ լուրջ է ընդունել այս նախազգուշացումը, և վստահություն է հայտնել, որ դա այն մարդկանց ձեռքի գործն է, որոնք պատասխանատու են իր դեմ կազմակերպված դավադրության համար, ինչի հետևանքով ինքը մեկ տարի բանտում էր ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով:
«Նրանք ցանկանում են լռեցնել ինձ: Նրանք պատասխանատու կլինեն այն ամենի համար, ինչ պատահի ինձ հետ», – ասել է Շիկը:
Հիշեցնենք, որ Շեները և Շիկը ձերբակալվել էին նախորդ տարվա մարտին: Նրանց ձերբակալությունը մտահոգության առիթ էր ստեղծել Թուրքիայում`կապված ԶԼՄ-ների և խոսքի ազատության խնդիրների հետ: ԱՄՆ-ն, ԵՄ-ն և իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում էին լրագրողների ազատազրկումը, որը ըստ նրանց, բացասաբար է ազդում Թուրքիայի` Միջին Արևելքում որպեսի ժողորդավարության մոդելի իմիջի վրա:
Նշենք, որ Թուրքիան կալանքի տակ է պահում լրատվական դաշտի հետ առնչություն ունեցող 100 մարդկանց, թեև իշխանությունները հայտարարում են, որ նրանք բանտում են ոչ իրենց մասնագիտական գործունեության համար: