ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ կուսակցության համամասնական ցուցակին ՀՀԿ-ականներին ծանոթացնելով` նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ առաջին 100-ից մոտ 70-ը դուրս է գալու. նրանք գործադիրի պաշտոնյաներ են` նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր և այլ պաշտոնյաներ, ովքեր մնալու են իրենց զբաղեցրած պաշտոններում, տեղեկացնում է «168 ժամ» օրաթերթը` հաղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը հետևություն է անում, որ առաջին հարյուրյակից դուրս մնացած պատգամավորները առաջ են գալու և լինելու են անցողիկ տեղերում: Բացի դա, ՀՀԿ-ում որոշել են, որ ունենալու են 6 կին պատգամավորներ` Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը, Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը և Ռուզաննա Մուրադյանը: ՀՀԿ ցուցակի մյուս կանայք պատգտամավորի մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացնելու, կամ արդեն ներկայացրել են:
Ըստ թերթի` քաղաքական շրջանակներում քննարկում է նաև ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի նոր վերելքը, ով ակտիվորեն մասնակցել է ցուցակի կազմմանը, ինչի արդյունքում ընդգրկվել են իր ազդեցության տակ գտնվող մարդկանցից շատերը: ԱԺ-ում չեն բացառում, որ Աբրահամյանը կարող է վերադառնալ խորհրդարանի խոսնակի պաշտոնին: Կարծիք կա, որ նա Սարգսյանի վստահությունը նորից ձեռք է բերել նախընտրական ոչ ֆորմալ «ֆոնդին» ահռելի գումարներ հատկացնելու շնորհիվ: Տարբեր խոսակցություններ կան, թե այդ «գանձանակում» աստղաբաշխական` հիմնականում վեցանիշ գումարներ են ներդրել նաև համամասնական ցուցակում ընդգրկված գործարար պատգամավորներ Նաղդալյանը, Կարեն Ճշմարիտյանը, Վարդան Այվազյանը, Արա Բաբլոյանը, Սպարտակ Մելիքյանը, Գագիկ Բեգլարյանը և շատ այլ թեկնածուներ, գրում է թերթը: