2002-2011 թվականների ընթացքում Ադրբեջանը 164%-ով ավելացրել է սովորական զինամթերքի ներմուծման ծավալները` աշխարհում զենքի խոշոր գնորդների ցուցակում զբաղեցնելով 38-րդ տեղը: Այս մասին ասված է մարտի 19-ին Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի կողմից հրապարակված զեկույցում, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
Ինստիտուտի փորձագետները նշում են, որ թեև Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանի կողմից մեծ ծավալներով զենքի գնմանն ի պատասխան նույնպես ակտիվորեն լրացնում են իրենց զինանոցը, սակայն, ինչպես նշվում է զեկույցում, այս ոլորտում Հայաստանը վերջին տարիներին հետընթաց է գրանցել. «Թեև 2002-2011 թվականների ընթացքում Հայաստանը զենքի գնորդների ցուցակում 71-րդ տեղից իջել է և հայտնվել 84-րդում, այդուհանդերձ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ի պատասխան Ադրբեջանի քայլերի, մտադիր է նույնպես զենք ձեռք բերել»:
Իսկ ինչ վերաբերում է երկու կողմերին էլ զենքով ապահովող հիմնական մատակարարին, այդպիսի երկիր է հանդիսանում Ռուսաստանը: Զեկույցի համաձայն, 2007-2011 թվականներին Ռուսաստանը ապահովել է Ադրբեջան արտահանվող զենքի 55%-ը, և Հայաստան ներմուծվող զենքի 96%-ը: