«Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ դա բեմադրություն է լինելու:
«Ընդդիմությունը մասնակից է դառնում իշխանության կեղծիքների լեգիտիմացմանը: Մենք որոշեցինք այս անգամ չմասնակցել էս ծրագրին: Չեմ ողջունում իրեն ընդդիմադիր համարող որևէ ուժին, ով մասնակցում է այս բեմադրությանը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների փորձը, որտեղ ՀԱԿ-ական Սասուն Միքայելյանին հաղթեց ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ինչպես նաև ամբողջովին համամասնական ընտրակարգին չանցնելը, ըստ բանախոսի, վկայում է այն մասին, որ իշխանությունը ուզում է լինել բացարձակ մեծամանություն, իհարկե, որոշ տեղեր տալով նաև ընդդիմությանը:
Նա նկատել է, որ որոշ ընդդիմադիրներ ծախվել են:
««Ցախավելներով քշենք թուրքերին գոռացողները» այժմ ընդգրկվել են իշխանության ցուցակներում, և նրանց պատճառով հասարակությունն ավելի է հիասթափվում ընդդիմությունից: Փորձը ցույց է տալիս, որ եթե չկա ճնշում փողոցից, իշխանությունը չի փոխի իր ծրագիրը: Անհասկանելի է` ինչ է անելու ՀԱԿ-ն ընտրություններում: Ինչո՞ւ սկզբից չգնալ փողոց, եթե մեկ է խորհրդարան մտնելով է ճանապարհը տանելու դեպի փողոց», – ասել է Կարապետյանը:
Արամ Կարապետյանը հայտարարել է, որ մտադրություն ունի մասնակցել 2013թ. նախագահական ընտրություններին: