ՀՀԿ-ի համամասնական ցուցակով ԱԺ մուտք չեն գործելու ձեռներեցներ, և այդ սկզբունքը ՀՀԿ-ն պահպանում է իր ընդունած որոշումներով: Այսօր ԱԺ-ում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հակասություն չկա ՀՀԿ ղեկավարների հայտարարությունների և գործողությունների միջև, որոնք հայտարարում են, որ ԱԺ-ում գործարարներ չեն լինելու, բայց սատարում են մեծամասնականով առաջադրված մի քանի գործարարի:
«Պատգամավորները, կառավարության անդամները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց դիրքը չպետք է օգտագործեն իրենց սեփական բիզնեսի համար: Ինչպես մենք կարող ենք դրան հասնել: Մենք ստեղծում ենք էթիկայի հանձնաժողով, որն իր հսկողության տակ է պահելու հենց այս սահմանդրական նորմը: Դա նշանակում է, որ նախարարները, պատգամավորները ներկայացնելու են էթիկայի հանձնաժողովին հայտարարագրեր` իրենց ունեցվածքի, իրենց գույքի վերաբերյալ` մինչև այս կամ այն պաշտոնը ստանձնելը», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ հանձնաժողովը արձանագրելու է, թե ինչ ունեցվածք ունի գործարարը պաշտոնը ստանձնելու պահին, և արդյոք իր կառավարման տարիների ընթացքում եկամուտներն ավելանում են, թե պակասում են, և որքանով է դա պայմանավորված իր պաշտոնական դիրքով:
Վարչապետի խոսքով՝ 500 բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է գտնվեն հանրության հսկողության տակ, որպեսզի մարդը պաշտոնը չօգտագործի անձնական եկամուտների ավելացման համար:
«Եվ սրանով օրենսդրորեն զսպաշապիկ հագցնենք, որ այդ գայթակղությանը չտրվեն մարդիկ: Քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով: Հասկանալի է՝ միանգամից այդ հարցը չի լուծվի: Բացի դա, էթիկայի հանձնաժողովին պաշտոնյաները հայտարարգիր են ներկայացնելու ոչ միայն իրենց գույքի վերաբերյալ, այլ նաև իրենց հետ փոխկապակցված անձանց գույքի, որպեսզի այս ռիսկը բացառվի», – ասել է վարչապետը: