Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննել է «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի հարցը, որի առաջադրման հետ կապված խնդիրներ են առաջացել:
Ավելի վաղ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը նամակ էր ուղարկել թիվ 10 ընտական հանձնաժողով, որտեղ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Սուքիասյանը, խնդրելով հիմք չընդունել իր կողմից մինչ այդ Սուքիասյանին տրամադրված տեղեկանքը, որով վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու:
Ըստ ոստիկանության` Սուքիասյանի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում «վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու»` օրենքով սահմանված պահանջին: Մասնավորապես` նա տևական ժամանակ անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Այսօրվա քննարկմանը ներկա Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ եթե ԿԸՀ-ն Սուքիասյանի ներկայացրած դիմումի մերժման կամ ընդունման որոշում կայացնի, ապա սա կարող է որպես թիվ 10 ընտրական հանձնաժողովի վրա ճնշում դիտարկվել, քանի որ հենց ընտրական հանձնաժողովն է գրանցում թեկնածուներին և լիազորված է որոշումներ կայացնել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայնել է փաստաբանի հետ` հրաժարվելով այս պահին որևէ որոշում ընդունել: Հարցով կզբաղվի թիվ 10 ընտրական հանձնաժողովը: