Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում խաղաղարար միջնորդի առաքելության շուրջ միավորած ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ երեք երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը և Ալեն Ժյուպեն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով հերթական անգամ հակամարտող կողմերին կոչ են արել քաղաքական կամք դրսևորել` տևական խաղաղության հասնելու համար:
ԱԳՆ ղեկավարները նշում են, որ ղարաբաղյան պատերազմի հետևանքներից առավել տուժել են տարածաշրջանի ժողովուրդները, և հակամարտության լուծման ձգձգումը միայն կխորացնի իրենց զրկանքները, իսկ նոր սերունդը միայն ուրիշներից է լսել, որ հայերն ու ադրբեջանցիները ժամանակին ապրել են կողք-կողքի:
«Նման արհեստական բաժանման ձգձգումը միայն խորացնում է պատերազմի հետևանքով առաջացած սպիները: Ուստի` մենք հորդորում ենք երկու երկրների նախագահներին պատրաստել իրենց ժողովրդին խաղաղության և ոչ թե պատերազմի», – ասված է հայտարարության մեջ:
Վկայակոչելով նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի համատեղ հայտարարությունները` երեք երկրների արտգործնախարարները կոչ են անում հնարավորինս արագ կատարել դրանցում նշված պայմանավորվածությունները: