Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում հրեական քոլեջի վրա հարձակում գործած և 4 մարդկանց կյանք խլած կասկածյալ Մոհամեդ Մերահը սպանվել է Թուլուզում գտնվող իր բնակարանում իրականացված հարձակման հետևանքով: Կասկածյալը երկու օր փակվել էր բնակարանում:
Նրա բնակարանի շուրջկալը շարունակվում էր 32 ժամ, միաժամանակ չորեքշաբթի կեսօրից մարդասպանը դադարել է կապի մեջ մտնել: Կասկածներ կային, որ նա ինքնասպան է եղել. սակայն հինգշաբթի հատուկ ծառայության աշխատակիցները ներխուժել են բնակարան, Մերահը սկսել է կրակել և սպանվել է պատասխան կրակի հետևանքով: Նա հասցրել էր վիրավորել հատուկ ծառայությունների երեք աշխատակիցների, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը հայտարարել էր, որ ոստիկանները ցանկանում են նրան կենդանի բռնել: «Մենք ցանկանում ենք նրան կենդանի բռնել, որպեսզի դատարանին հանձնենք, հասկանանք նրա նպատակները, պարզենք, արդյոք նա համախոհներ ուներ, և եթե այո, ապա ովքեր են նրանք»:
Փոխհրաձգտությունը շարունակվել է մոտ 5 րոպե, այդ ընթացքում ավելի քան 300 կրակոց է եղել: Պարբերականը վկայում է, որ սպանված ահաբեկչի մարմինը դուրս են բերել շենքից: Ոստիկանությունը պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ:
Այսօր առավոտյան Ֆրանսիայի ոստիկանությունը կարծում էր, որ նա ինքնասպան է եղել, քանի որ 10 ժամ շարունակ տանը որևէ շարժ չէր նկատվել: Սակայն հատուկ գործողությունները ցույց են տվել, որ այդ վարկածը իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ Մոհմեդ Մերահն կասկածվում է 7 մարդկանց սպանության մեջ: Մարտի 11-ին և 15-ին սպանվել են ֆրանսիացի զինվորականներ: Մարտի 19-ին հարձակում է իրագործվել հրեական դպրոցի վրա, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, այդ թվում` երեք երեխաներ: Բանակցությունների ընթացքում կասկածյալը հայտարարել է, որ վրեժ էր լուծում պաղեստինցի երեխաների համար: