Հայ Ազգային Կոնգրեսը, թեև նպատակ էր դրել մեծամասնական ընտրակարգով սատարել 41 թեկնածուի, բայց սատարելու է մարդկանց 38 ընտրատարածքներում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Կարծում եմ` վատ արդյունք չի, ընդամենը երեք տարածք չհերիքեց, որ մենք լիարժեք մեր նպատակին հասնենք», – հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Նա նաև խոսել է այն սկզբունքների մասին, համաձայն որոնց կազմվել է այսօր ներկայացված ՀԱԿ-ի համամասնական ցուցակը:
«Գիտեք, որ ցուցակի կազմումը կուսակցությունները պատվիրակել էին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ընդ որում` Տեր-Պետրոսյանը այդ գործը կատարեց հիմնված խորհդակցությունների, քաղխորհրդի քննարկումների և միջկուսակցական կոնսուլտացիաների արդյունքների վրա: Այսինքն, այդ բոլոր քննարկումների ընթացքում մշակվել էին որոշակի չափանիշներ, որոշակի սկզբունքներ, որոնց հիման վրա էլ պարոն Տեր-Պետրոսյանը ի վերջո կատարեց իրեն պատվիրակված այդ պարտականությունը: Կարևոր դեր է ունեցել, թե այդ մարդկանց հետևում ինչ մոբիլիզացիոն ռեսուրս կա` ճանաչվածությունը, նրանց ներդրումն այս տարիների ընթացքում: Մի կարևոր սկզբունք կա ևս` ընդգծվել է Կոնգրեսի առանցքային կուսակցությունների դերը, այն է` ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության և ՀՀՇ-ի դերը: Երբ այդ միջկուսակցական կոմպրոմիսը կայացել է, դրանից հետո կարևորագույն սկզբունքներից մեկն է գործել: Դա այն է, որ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներին տրվել է առավելություն: Երբ ավարտվում է մեծամասնականների ցուցակը, արդեն այն քաղբանտարկյալներն են, որոնք ոչ մեծամասնական, ոչ այլ սկզբունքով ընդգրկված չեն եղել ցուցակի վերևի մասերում: Քաղբանտարկյալների խմբից հետո գալիս է մտավորականության խումբը, իհարկե, իրականում մտավորականությունը պետք է բոլորից առաջ լիներ: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ իրենց ներկայությունը ցուցակում ունի խորհրդանշական իմաստ և, այնուամենայնիվ, կարևորել ենք, որ ցուցակում նրանք լինեն: Հետո գալիս են երիտասարդները, ցուցակը սահմանափակում են Կոնգրեսի տեղական կառույցների ղեկավարները: Ահա այս սկզբուքների շուրջ է ստեղծված ցուցակը», – ասել է Զուրաբյանը: