Home / Հայաստան / Խախտումները պետք է արձանագրեն տեղացիները. ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավար

Խախտումները պետք է արձանագրեն տեղացիները. ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավար

ԵԱՀԿ-ն և ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդական հաստատությունների և Մարդու Իրավունքների Գրասենյակը) ոչ ընտրական ոստիկանություն է, ոչ էլ փոխարինում է իշխանություններին: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան` պատասխանելով այն հարցին` արդյոք ինքը վստահ է, որ դիտորդական առաքելության մեջ ընդգրկված դիտորդների թիվը բավարար է ընտրության օրը բոլոր ընտրատեղամասերում գտնվելու և իրենց առաքելությունն իրականացնելու համար:

Շեկերինսկան ընդգծել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սովորական ընտրական դիտորդական առաքելություն է իրականացնելու: Առաքելության մեջ ընդգրկված են 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ: Առաքելությունը ներառում է նաև 13 միջազգային փորձագետներ: Ընտրության օրը հավելյալ դիտորդներ կտրամադրվեն  նաև Եվրոպական այլ կառույցների կողմից:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժը` Հայ Ազգային Կոնգրեսը, ավելի շատ դիտորդներ է խնդրել (որպեսզի հնարավոր լինի դիտորդներ ունենալ երկրի 2000 ընտրատեղամասերում), դիտորդական առաքելության ղեկավարը ասել է.

«Մենք չենք եկել փոխարինելու պետական իշխանություններին կամ ներքին դիտորդներին: Մենք այստեղ չենք փոխարինելու կուսակցությունների դիտորդներին: Դիտորդների համապատասխան քանակը մեզ հնարավորություն է տալիս վիճակագրական տվյալներ ստանալ, որը բավար է: Խախտումների դեպքում, տեղի գործիչները պետք է արձագանքեն դրանց», – հավելել է նա:

Epress.am-ի այն հարցին` արդյոք կարճաժամկետ դիտորդները գտնվելու են մի քանի հիմնական ընտրատեղամասերում, թե պտտվելու են մի քանի տեղամասերով, Շեկեռինսկան ասել է, որ սովորական ընթացակարգի համաձայն, դիտորդները շրջելու են տարբեր ընտրատեղամասերում:

Ընդգծելով այն հանգամանքը, որ առաքելության դերը դիտորդությունն է և «ոչ թե միջամտելն ու ինչ որ բան պարտադրելը»` դիտորդական առաքելության ղեկավարը ասել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաքելության ընթացքում երկու զեկույցներ կներկայացվեն, և ևս մեկ վերջնական զեկույց կլինի ընդհանուր ընտրական գործընթացի ավարտից 8 շաբաթ անց:

«Այս ամենը սովորական ընթացակարգի մեջ է մտնում և այս մեթոդաբանությունը փորձարկվել և իրագործվել է ԵԱՀԿ անդամ երկրներում ավելի քան 250 ընտրությունների ժամանակ», – ասել է նա: