Home / Հայաստան / Հայերը և ադրբեջանցիները հավաքվել էին «ռազբորկայի». ոստիկանությունը միջամտեց

Հայերը և ադրբեջանցիները հավաքվել էին «ռազբորկայի». ոստիկանությունը միջամտեց

Վլադիվոստոկում կանխվել է ադրբեջանցիների, հայերի և դաղստանցիների զանգվածային ծեծկռտուքը: Քրեական հետախուզության աշխատակիցները տեղեկություն են ստացել այն մասին, որ մարտի 19-ին 21:00-ին «Օլիմպիեց» սպորտային համալիրի մոտ ոչ ֆորմալ հանդիպում է տեղի ունենալու երկու հակամարտող երիտասարդ խմբերի միջև, որոնք պատրաստվում են լուծել նախորդ հանգստյան օրերին իրենց միջև ծագած կենցաղային խնդիրը:

Այս մասին հայտնում է Vesti.az-ը` հղում կատարելով ՌԴ Ներքին Գործերի նախարարության մամլո ծառայությանը:

Նշված ժամին ոստիկանության աշխատակիցները տեսել են, թե ինչպես են «Օլիմպիեց» համալիրի մոտ 15 մեքենաներ կայանում: Իջեցնելով ուղևորներին` մեքենաների մեծ մասը հեռանում էր: Իրավապահների խոսքով` նշված վայրում հարաբերություններ պարզելու նպատակով ավելի քան 50 ագրեսիվ տրամադրված երիտասարդներ էին հավաքվել:

Իսկ երբ երիտասարդները սկսել են միմյանց ուղղությամբ շարժվել, ոստիկանները միջամտել են: Արդյունքում` 19-30 տարեկան 28 երիտասարդներ են ձերբակալվել: Շատերի մոտ տարբեր տեսակի զենքեր են եղել: Հիմնականում դանակներ և տրավմատիկ ատրճանակներ:

Ձերբակալության պահին հանդիպման մասնակիցները զենք կրելու արտոնություն տվող փաստաթղթեր ունեին: Երիտասարդները պարզաբանել են, որ զենքն իրենց պետք է ինքնապաշտպանության համար: Այժմ ոստիկանության աշխատակիցները պարզում են տրավմատիկ զենքի կրման օրինականությունն ու երիտասարդների պահվածքի պատճառները: Ոստիկանությունում նրանք միաբերան հայտարարել են, որ եկել էին համալիր «գրանցվելու համար»:

Newsvl.ru կայքի տեղեկություններով` բոլոր ձերբակալվածները, որոնց թվում են եղել Չեչնիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Դաղստանից և Վլադիվոստոկից երիտասարդներ, հանդիսանում են տեղի մասնավոր թիկնապահական դպրոցի աշխատակիցներ:

Ձերբակալվածներից ոմանց խոսքով` իրենք նշված վայր են ժամանել իրենց ընկերոջը սրճարաններից մեկում ծեծած հակառակորդների հետ հարաբերություններ պարզելու համար: Սակայն միջադեպի վայրում ոստիկանների «ձեռքն են ընկել» միայն մեկ խմբավորման անդամները: