Գրող Հովհաննես Իշխանյանին այսօր կրկին հրավիրել են հարցաքննության «Ուվալնյատի օրը» գրքի առնչությամբ. հնարավոր է` նրա դեմ քրեական գործ հարուցվի:
Մի քանի շաբաթ առաջ գրողին կանչել էին Ռազմական ոստիկանություն` հարցաքննության: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է Իշխանյանը, նրան Ռազմական ոստիկանությունում խնդրել են «Ուվալնյատի օրը» գրքի պատմվածքներում մատնանշված դեպքերի վերաբերյալ գրավոր բացատրություն տալ, մասնավորապես, ասել` արդյոք գրքում քննարկվող իրադարձությունները հիմնված են իրական փաստերի վրա:
Հարցին գրողը պատասխանել է` ասելով, որ գիրքը գեղարվեստական է, հետևաբար բոլոր հերոսներն ու դեպքերը հորինված են: Նույն հարցին նույն պատասխանը Իշխանյանը ստիպված է եղել տալ նաև այսօր Ոստիկանության կենտրոնական քննչական բաժնում:
«Դատելով հարցերից ու իրենց տրամադրվածությունից` իմ գրքի մեջ տեսնում են բանակի հանդեպ վիրավորանք, մոր կերպարի հանդեպ վիրավորանք, սակայն քանի որ չկա օրենք այդ մասերով, փորձում են պոռնոգրաֆիայի մասին հոդվածը իմ դեմ օգտագործել, որը վերաբերում է միայն պատկերային արվեստին: Ինչքան հասկացա` քրեական գործ են ուզում հարուցել»,- մեզ հետ զրույցում ասել է Հովհաննես Իշխանյանը: «2011թ. 300 օրինակով տպագրված 178 էջից բաղկացած 1500 դրամ արժողությամբ «Ուվալնյատի օրը» գիրքում գռեհիկ ձևերով նկարագրված են սեռական հարաբերություններ` շարադրված կոպիտ հայհոյանքներով և արտահայտություններով»,- հարցի մասին պարզաբանումներ տալով` մեզ հայտնել են Ոստիկանության լրատվական վարչությունից:
Այժմ գործը գտնվում է հետաքննության մեջ, անցկացվում են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև Մշակույթի նախարարության կողմից, որոնցից հետո միայն Ոստիկանությունը հստակ կասի ` գործ հարուցվելու է, թե ոչ: