Home / Տեսանյութեր / «Մեսիջ են ուղարկում». Ջհանգիրյանը խոսել է արտակարգ դրության մասին օրենքից

«Մեսիջ են ուղարկում». Ջհանգիրյանը խոսել է արտակարգ դրության մասին օրենքից

Ազգային Ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքն ի սկզբանե հակասահմանադրական է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայ Ազգային Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը:

Նա հատկապես հակասահմանադրական է համարել 9-րդ հոդվածը և այն բոլոր հոդվածները, որտեղ վկայակոչումներ կան Պաշտպանության նախարարության միջոցները օգտագործելու մասին:

Ջհանգիրյանը մեջբերել է Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի` ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Այդ հոդվածի տրամաբանական մեկնաբանությունը, ըստ Ջհանգիրյանի, այն է, որ ՀՀ զինված ուժերի խնդիրը ՀՀ-ի և նրա անվտանգության պաշտպանությունն է արտաքին ոտնձգություններից:

ՀԱԿ ներկայացուցիչը մեջբերել է նաև 55-րդ հոդվածի 14-րդ կետը, համաձայն որի ՀՀ նախագահը Զինված ուժերի կիրառման լիազորություն ունի միայն տվյալ հոդվածով սահմանված դեպքերում` Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի և պատերազմ հայտարարելու դեպքում:

Ըստ Ջհանգիրյանի` կա Զինված ուժերի կիրառման ևս մեկ պայման` դա ռազմական դրություն հայտարարելն է, սակայն միայն վերոնշյալ պայմանների առկայության դեպքում:

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով` նման օրենքի բացակայությունը և սահմանադրական արգելքը չխանգարեցին, որ 2008 թվականի մարտի 1-ին ընդունվեր հակասահմանադրական հրամանագիր և հայտարարվեր արտակարգ դրություն:

Ըստ Ջհանգիրյանի` այսօր այս օրենքով իշխանությունները մեսիջ են ուղարկում  շատերի ենթագիտակցությանը, որպեսզի նրանք չընդվզեն: