Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում հրեական քոլեջի վրա հարձակում գործած և 4 մարդկանց, այդ թվում` երեք երեխաների կյանք խլած Մոհամեդ Մերահն ընդգրկված է եղել այն մարդկանց ցուցակում, ում արգելված է ԱՄՆ թռչել, այսպես կոչված` «no-fly list»-ում: Այս մասին գրում է Reuters-ը` հղում կատարելով ամերիկյան սեփական աղբյուրներին: Գործակալության զրուցակիցները չեն հստակեցրել, թե որքան վաղուց է Մերահը հայտնվել «սև ցուցակում»:
Reuters-ի տեղեկություններով` «no-fly list»-ը «սև ցուցակներից» ամենախիստն է: Այն օգտագործվում է ԱՄՆ իշխանությունների կողմից թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Այդ ցուցակներում ընդգրկված մարդկանց արգելվում է գտնվել դեպի ԱՄՆ թռչող, կամ այնտեղից հեռացող, կամ ներքին թռիչքներ իրականացնող ինքնաթիռներում:
Այս ցուցակը կազմող կառույցների հետ կապ ունեցող աղբյուրը պարզաբանել է, որ ցուցակում ընդգրկված մարդկանց ներկայությունը գնահատվում է իշխանությունների կողմից որպես թռիչքի անվտանգության ուղիղ սպառնալիք:
23-ամյա ֆրանսիացի Մոհմաեդ Մերահը 2012 թվականի մարտին Ֆրանսիայի հարավում մի քանի սպանություններ է իրագործել: Նրա զոհն են դարձել 7 մարդ. հրեական դպրոցի երեք աշակերտներ, դպրոցի ուսուցիչ ռաբինը և երեք զինվորականներ:
Մարտի 21-ի վաղ առավոտյան ոստիկանները շրջափակել էին Մերահի բնակարանը: Ահաբեկիչը հրաժարվում էր հանձնվել, մարտի 22-ին, սակայն ահաբեկիչը սպանվեց փախուստի դիմելու փորձի ժամանակ: