Նախագահական նստավայրի դիմաց այսօր իրենց բողոքի ակցիան են շարունակում Արամի, Սարյան, Բուզանդի և Եկմալյան փողոցների նախկին բնակիչները:
Բողոքի ակցիայի մասնակիցների` իրենց բնակարաններով ապահովելու պահանջին ավելացել է ևս մեկը: Այսօր հավաքվածները Սերժ Սարգսյանից պահանջում են աշխատանքից ազատել նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին:
Ակցիայի մասնակից, խաբված բնակարանատեր Սոնա Մաղաքյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրենց հայտնի է դարձել, որ Հովսեփյանը, ով զբաղվել է իրենց խնդրով, այդ ընթացքում 25 բնակարան է յուրացրել:
Ըստ Մաղաքյանի` նրան պարզապես լռեցրել են` բնակարաններով ապահովելով, որպեսզի իրենց գործը առաջ չտանի:
Նախագահականից բողոքողների մոտ առայժմ ոչ ոք չի իջել: ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանը պատճառաբանել է, որ զբաղված է:
«Նախագահականում դեռ չգիտեն` ընտրությունների ժամանակ ինչ ենք նախապատրաստելու: Անակնկալ ենք անելու: Բենզինով շշերով գալու ենք էստեղ և ինքնահրկիզվելու ենք: Ինչ է նշանակում` մեզ 8 տարի դուրսը թողնեն», – ասել է բողոքողներից տիկին Ֆլորան:
Բողոքողներին հսկող ոստիկանները վերջիններիս հորդորում են «չագրեսիվանալ ու պայքարել քաղաքակիրթ ձևերով»: