Հայերը, ադրբեջանցիները և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները Վրաստանի դեմ դուրս գալու ոչ մի հիմք չունեն, հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից մեկը` Նուգզար Ցիկլաուրին` անդրադառնալով ավելի վաղ ռուսաստանյան «Նովիե խրոնիկի» պարբերականում հրապարակված այն հոդվածին, համաձայն որի Վրաստանի տարածքում` հայաբնակ Ջավախքի պատմական շրջանում, կարող է ևս մեկ անկախ պետություն ձևավորվել:
«Ընդհակառակը, նրանք Վրաստանի ամենահավատարիմ քաղաքացիներից են. և Ռուսաստանում ծրագրված ցանկացած սադրանք այստեղ արմատներ չի տա: Որքան Վրաստանը հեռանում ռուսաստանյան ուղեծրից և ավելի քիչ կապեր ունի այդ երկրի հնացած ռեժիմի հետ, այնքան ավելի են շատանում նման տեսակի սադրանքները, այդ իսկ պատճառով տարբեր կազմակերպություններ և մարդիկ ակտիվանում են Վրաստանի և նրա ամբողջականության դեմ: Սակայն ոչ մի սադրանք արդեն չի կարողանա խոչընդոտել Վրաստանի զարգացմանը և մեր երկրի հզորացմանը»,- պատգամավորի խոսքերն է փոխանցում «Գրուզիա օնլայնը»: