ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը, ով իր թեկնածությունն է առաջադրել թիվ 1 ընտրատարածքում, երեկ իր դիմումի համաձայն ազատվել է «Ա1+» հեռուստաընկերության կայքի խմբագրի աշխատանքից՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Ա1+»-ի տնօրինության սկզբունքն է` լրագրողն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: Ուստի չխախտելով այդ լրատվամիջոցի ներքին կանոնադրությունը` Առուստամյանը որոշել է ազատվել աշխատանքից: Այս մասին պատգամավորի թեկնածուն ասել է Epress am-ի հետ զրույցում:
«Պատգամավոր դառնալու որոշումն իմ անցած քսան տարիների խոսքի ազատության համար պայքարի գագաթնակետն է, ու դրա համար այլևս որոշել եմ պայքարել քաղաքական հարթությունում: Քանի որ Ավանում մինչև վերջին պահը չկար առաջադրված այլ թեկնածու, որոշեցի առաջադրվել, ու թող Ավանի բնակիչը որոշի՝ ում է գործուղելու ԱԺ», – ասել է Առուստամյանը:
Նշենք, որ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածուներ են «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը և ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը:
Առուստամյանի խոսքով՝ ինքն առաջադրվել է միայն այն բանի համար, որ հասարակությունն ընտրելու հնարավորություն ունենա ու ի վերջո կատարի իր ընտրությունը:
«Այն պահին, երբ ես առաջադրվել եմ թիվ 1 ընտրատարածքում, այլ թեկնածու չի եղել, հետո արդեն պարզ դարձավ, որ նույն ընտրատարածքում առաջադրվել է նաև ՀՖՖ նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ, շատ հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ու Հայրապետյանը խոսում ենք շատ տարբեր լեզուներով, կուզենայի վերջինիս հետ բանավիճել ու մրցել քաղաքակիրթ պայքարում: Ինչ վերաբերում է շատ փորձառու պատգամավոր Ստեփան Սաֆարյանին, շատ կուզենայի, որ նա կոնկրետ ներկայացներ, թե ի՞նչ է արել ԱԺ-ում, «Ժառանգության» ջանքով այն ինչ կատարյալ օրենք է ընդուվել, կամ ի՞նչ վտանգավոր օրենք է մերժվել», – նշել է Առուստամյանը:
Նրա հավաստմամբ՝ Ազգային Ժողովը ոչ թե ասֆալտ փռողների, ոչ թե ընտրողի գրպանը 2000 դրամ մտցնողների, ոչ թե սեփական բիզնեսի համար մանդատով տանիք, անձեռնմխելություն ապահովելու նպատակ հետապնդողների տեղ է, ԱԺ-ն մեր երկրի, պետության բազիսային ամենակարևոր թևն է ու այնտեղ է արարվում օրենքների այն ամբողջ փաթեթը, որով պետք է առաջնորդվի այս երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի:
«ԱԺ-ն այն տեղն է, որտեղ չպետք է գնան մարդիկ, ովքեր հոդաբաշխ միտք արտահայտելու ունակություն չունեն, այլ մարդիկ, որոնք կկարողանան ձևակերպել գաղափար պարունակող իրենց մտքերը, նպատակները: Մեր հասարակությունն ընտելացել է այն մտքին, որ ԱԺ պատգամավորը մի ֆիգուր է, ում մոտենալ չի կարելի, ով ահ է տարածում շուրջբոլորը, ով, չգիտես՝ ինչու, շրջում է թանկարժեք ավտոմեքենաներով: Հասարակության կողմից ԱԺ պետք է գործուղվի այն մարդը, ով պետք է ծառայի աշխատավարձով, հավատով ու ճշմարտությամբ», – նշել է Գայանե Առուստամյանը:
Առուստամյանը նշել է ՝ ամեն անգամ, երբ ԱԺ-ն օրենքները վերածում է խարազանի, ինքն ուզում է իր ներդրումն ունենալ օրենքների մշակման և հասարակության պաշտպանության գործում:
«Որքան էլ ես գրեմ քննադատող հոդվածներ, վերլուծություններ, միևնույն է,կ ա մի հարթություն, որտեղ լրագրողի աշխատանքը ի չիք է դառնում, այսինքն իմ գրած հոդվածը չի պաշտպանելու հասարակությանը, ուստի լրագրողական գործունեությունս պետք է թողնվի, ու ես պետք է դուրս գամ այլ հարթություն՝ քաղաքականություն», – ասել է լրագրողը:
Առուստամյանին զարմացրել են շրջանառվող կարծիքները, թե լրագրողը պետք է զբաղվի իր գործով:
«Չեմ հասկանում մի ձևակերպում՝ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, այսինքն` լրագրողն իրավունք չունի՞զբաղվելու քաղաքականությամբ, իսկ ո՞վ ունի այդ իրավունքը: Ի վերջո՝ քաղաքական գործիչը բուհում չի ստանում այդ առանձին մասնագիտությունը և դիպլոմում էլ չի գրվում, որ միայն նա կարող է գնալ ԱԺ: Քաղաքական գործիչները շատ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են՝ իրավաբանից մինչև լրագրող, հատկապես լրագրողներ, և հենց լրագրությունն է մոտիկ քաղաքականությանը: Պատգամավորի աշխատանքը խոսքի, մտքի հետ կապված է, ու ո՞վ է ասել, որ խոսքի ազատության ջատագովն իրավունք չունի գնալ խորհրդարան», – եզրափակել է Առուստամյանը: