Երեկ երեկոյան թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի և օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դեմ առաջադրված «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ չի եղել, որ նույն տեղամասում գրանցվել է այլ ընդդիմադիր թեկնածու: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը և կոչ արել բանակցություններ սկսել և որոշել` ընդդիմադիր որ թեկնածուն կմնա այդ ընտրատարածքում:
«Եթե որևէ մեկը կասկածում է, ասեմ, որ իմ պատվերը գալիս է իմ հավատից, իմ սիրուց: Խնդրում եմ չջլատենք, չբաժանենք ժողովրդի ընդդիմադիր ուժերը: Ես չգիտեի երեկ, որ լինելու է այլ ընդդիմադիր թեկնածու: «Ժառանգությունը» սպասում էր մինչև վերջին օրը, որ իմանայինք, թե որ ընտրատարածքում այլընտրանքի պակաս է մնում: Ես մտածում եմ, որ Մալաթիայում, որտեղ ամենամեծն է ճակատագրապաշտությունը, այդ ընդդիմադիր այլընտրանքը ես կլինեմ»,- ասել է Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ղեկավարը հայտնել է, որ ՀԱԿ-ի հետ բանակցելու արդյունքում հնարավոր է` հանի իր թեկնածությունը:
Բանախոսը հույս է հայտնել, որ անցյալ տարվա նախադեպը այս տարի չի կրկնվի` նկատի ունենալով Ազատության հրապարակում իր ծոմի օրերը, երբ մինչ ինքը ծոմ էր պահում, «ընդդիմադիր այլ ուժերի կողմից ջլատվեց ընդդիմադիր հասարակության ուժը»:
Այս ընտրություններում առաջադրած «Ժառանգության» համամասնական ցուցակը Հովհաննիսյանը համարել է իր ծոմի շարունակությունը, որն իրենից ներկայացնում է քննություն կուսակցության համար:
«Աննախադեպ երկունքից հետո է ձևավորվել «Ժառանգության» համամասնական ցուցակը: Փաստրոեն, նոր Հայաստանի կազմավորման համար ստեղծվել է այլընտրանք, ում համար գերակա է ՀՀ քաղաքացու իրավունքի գերակայությունը, ինքնիշխանության բացարձակ պաշտպանույթունը: Ոչ մեկը չպետք է դիտարկի ցուցակը առաջին 10-յակով, այլ իր ամբողջությամբ»,- ասել է «Ժառանգության» առաջնորդը` հայտնելով, որ 25% առկայություն են ակնկալում ունենալ ԱԺ-ում: