Սիրիայի իշխանամետ Addounia TV հեռուստաալիքը օրերս «հանճարեղ» բացահայտում է արել` կատալոնական «Բարսելոնա» և Մադրիդի «Ռեալ» ակումբների դեկտեմբերյան հանդիպման ժամանակ խաղացողների դասավորության սխեման կապելով Լիբանանին մաքսանենգ զենքի մատակարարման ուղիների հետ:
Լրագրողները ամենայն լրջությամբ ցուցադրել են հանդիսատեսին իրենց սենսացիոն հետաքննության արդյունքները, ֆուտբոլի դաշտի վրա դնելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանի քարտեզը:
«Իրականությունը» բացահայտած լրագրողների կարծիքով` Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի հակառակորդները օգտագործել են «էլ-կլասիկոն», որպեսզի զենքի մատակարարման ուղիները գաղտնի կերպով փոխանցեն մաքսանենգությամբ զբաղվողներին: Իրենց գրոհայիններին նրանք, իբր, պատկերել են կատալոնացիների խաղացողների միջոցով, իսկ կադրում գնդակի դիրքը նշանակում էր զենքի պահեստների դասավորությունը:
Միաժամանակ, կարծիք կա, որ Ինյեստայի, Մեսսիի և Պեդրոյի կողմից իրականացված կոմբինացիան ցույց է տվել ապստամբներին, ինչպես կարելի է Սիրիա ներթափանցել: Իսկ երբ ֆուտբոլիստները դաշտի որևէ հատվածում դրիբլինգի էին դիմում, դա նշանակում էր, որ համապատասխան վայրերում մաքսանենգներին դժվարություններ են սպասվում: