«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ վերջինս խեղաթյուրում է փաստերը:
Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի` «Ժառանգությունն» առաջարկել է հանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից այն պայմանով, որ ՀԱԿ-ն իր թեկնածուներին հանի թիվ 1, 4, 6, 9, 12 ընտրատածքներից:
«Մեր առաջարկը եղել է 21 ընտրատարածքներում պաշտպանել ՀԱԿ-ի առաջարկած թեկնածուին, 7-ում ` «Ժառանգության», իսկ մնացած 13-ում ` ՀՅԴ թեկնածուին:
«Այսինքն` ՀԱԿ-ը ցանկանում էր, որ մենք միայն 2-3 թեկնածո՞ւ թողնեինք մեծամասնականում, որպեսզի տրամաբանական լիներ մեր առաջարկը»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը:
ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, որպես ՀԱԿ-ի հետ բանակցությունները տարած «Ժառանգության» ներկայացուցիչ, խնդրեցինք անդրադառնալ Փաշինյանի այն դիտարկմանը, որ դեռ թեկնածուների գրանցման շրջանից առաջ, ՀԱԿ-ն առաջարկել է «Ժառանգությանը» ներկայացնել իր համար ամենացանկալի մեծամասնական ընտրատարածքների ցանկը, սակայն «Ժառանությունն» առաջարկել է հարցը տեղափոխել առաջադրման շրջան:
Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ հենց «Ժառանգությունն» է սկսել բանակցությունները: Նրա խոսքով` ՀԱԿ-ը մի քանի օր ուշացումով է պատասխանել, երբ արդեն առաջադրման փուլն էր, և «Ժառանգությունը» զբաղված էր համամասնական ցուցակներ կազմելով, ու այլևս ժամանակ չկար:
«Մինչև 7-րդ ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելը, նման հիստերիա չառաջացավ, հիստերիա, որից շանտաժի հոտ էր գալիս: Սա 2009 թվականը չէ, «Ժառանգության» հետ նման շանտաժի լեզվով խոսել չի կարելի», – ասել է Մարտիրոյանը:
Epress.am-ը Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունն է խնդրել հարցի առնչությամբ. «Հայկական ժամանակի» խմբագիրն ասել է, որ «Ժառանգության» հետ կապված որևէ մեկնաբանություն չի անելու և իր ասելքն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: