2012թ. մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մարտի 15-ի տրամադրած տեղեկանքը հաշվի չառնել և սահմանված կարգով իրեն գրանցել որպես պատգամավորի թեկնածու: Նշենք, որ անձնագրային և վիզաների վարչության գրության համաձայն, Խաչատուր Սուքիասյանը վերջին 5տարվա ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում:
Այսօր տարածած հայտարարության մեջ Սուքիասյանը նշում է, որ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից դեռ որոշում չի կայացվել:
«Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից, հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաև ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ` իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ», – նշում է Խաչատուր Սուքիասյանը: