Թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը գտնում է, որ տվյալ տարածքում մրցակից չունի: Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ միայն մի խնդիր ունի` ինքը ժողովրդի քվեն է ուզում, որպեսզի մարդիկ օգնեն ներկայիս իշխանությանը հեռացնելու գործում: Մանուկյանի խոսքով` նրանք, ովքեր իր հետ չեն լինի, կողմ են իշխանությանը:
Հիշեցնենք, որ տվյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու են առաջադրվել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «168 ժամ» թերթի նախկին խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ՀՀԿ-ականներ Արտակ Սարգսյանը և Արմեն Եփրեմյանը, ինչպես նաև անկուսակցական Ալեքսան Մինասյանը:
Մանուկյանի կարծիքով` խնդիրն այն չէ` ով ինչ մրցակից կամ ծրագիր ունի, խնդիրն այլ դաշտում է` սև ու սպիտակ` «կամ Սերժի հետ են, կամ Սերժի դեմ են»:
«[Մրցակիցներին] միայն էս ձևով եմ գնահատում` իրենք ինչպես կկողմնորոշվեն այս խնդրի շուրջ: Նրանք, ովքեր կհայտարարեն, որ իշխանափոխությունն իրենց նպատակն է, հաճույքով կհամգործակցեմ նրանց հետ, նրանք ովքեր դա չեն անի, ակամայից կհայտնվեն այն դաշտում, որոնք պաշտպանում են Սերժ Սարգսյանին», – ասել է Արամ Մանուկյանը:
Այն հարցին, թե արդյոք երկու ընդդիմադիրների` իր և Զարուհի Փոստանջյանի նույն ընտրատարածքում առաջադրվելը չի աշխատի հօգուտ իշխանությունների, Արամ Մանուկյանը պատասխանել է, որ ընդդիմադիր լինելը որոշվում է իշխանության դեմ կամ կողմ լինելով:
Խոսելով իր քարոզարշավի ընթացքում բարձրացվելիք խնդիրների մասին` Մանուկյանն ասել է, որ ժողովրդի մեծ մասը` այսօրվա վիճակով ճնշող մեծամասնությունը, փոփոխության անհրաժեշտություն, ցանկություն ունի երկրի պրոբլեմները լուծելու և երկրի դեմ ահագնացող վտանգները չեզոքացնելու:
«Եթե ժոողովուրդը եկավ դրա շուրջ, ուրեմն դու հաղթող ես, եթե վախեցավ, կաշառվեց, ուրեմն հակառակ թևում է, իրեն ձեռք է տալիս այս իշխանությունը: Դրա շուրջ է կառուցվելու ամբողջը: Այսինքն` մոտավորապես այն չորս տարվա գործընթացը, որ մենք արել ենք, դա պետք է արտահայտվի քվեով, ընտրատարածքի ժողովրդի արձագանքով: Կամ դու ճիշտ ես արել էս չորս տարի` ինքը քո կողքին է, կամ դու սխալ ես արել` ինքը մնում է այս իշխանությունների քաղաքականության կողմնակիցը», – ասել է Արամ Մանուկյանը: