Home / Հայաստան / «Ժառանգությունը» պատրաստ է անձնական ամբիցիաները մի կողմ դնել. Ռուբեն Հակոբյան

«Ժառանգությունը» պատրաստ է անձնական ամբիցիաները մի կողմ դնել. Ռուբեն Հակոբյան

Թիվ 9 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ տվյալ ընտրարատարածքում առաջադրված բոլոր թեկնածուներին էլ համարում է հիմնական մրցակից:

Նշենք, որ Ռուբեն Հակոբյանի հետ մեկտեղ պատգամավորության թեկնածու են առաջադրվել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀՀԿ-ական պատգամավոր ՌուբենՍադոյանը և ԲՀԿ-ից Նապոլեոն Ազիզյանը:

Ռուբեն Հակոբյանը հիշեցրել է, որ տվյալ ընտրատարածքում ինքը մեկ անգամ արդեն ընտրվել է պատգամավոր 1995 թվականին:

«Բավական լավ ընտրապայքար տեղի ունեցավ, ուշադրության կենտրոնում էր այս ընտրատարածքը, և, կարծում եմ, որ մենք կունենանք նույն նորմալ, ինչ-որ տեղ որոշակի մակարդակ ապահովող քարոզարշավ: Սա նաև այն ընտրատարածքն է, որը գեղեցիկ խոսքերին չէ, որ հավատում է, հավատում է մարդու կենսագրությանը, հավատում է թողած ստորագրությանը: Այս ընտրատարածքում, կարծում եմ, բոլորն էլ որոշակի քաղաքական կենսագրություն ունեն», – ասել է «Ժառանգության» ներկայացուցիչը:

Հակոբյանն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանում ազատ միջավայրի ստեղծումը:

«Երբ շատ դեպքերում ասում ենք` ինչպես  է, որ հայ մարդը Հայաստանից դուրս ավելի է իքնաիրացվում, ավելի լավ է ապրում, քան Հայաստանում, պատճառը մեկն է, որովհետև տվյալ միջավայրերում մեր քաղաքացու ինքնաիրացվելու համար փաստորեն ավելի լավ, ավելի ազատ պայմաններ են ստեղծվում: Բավական է հայի տեսակի համար նորմալ միջավայր ապահովվի, որպեսզի ինքն իր գենետիկ և ինտելեկտուալ կարողություններով ապացուցի, որ ինքը  բան ունի ասելու այս կյանքին, այս աշխարհին», – ասել է Հակոբյանը:

 

Epress.am-ի այն հարցին, թե արդյոք նույն ընտրատարածքում երկու ընդդիմադիր թեկնածուի մասնակցությունն առավելություն չի՞ տալիս իշխանական թեկնածուին, Հակոբյանը պատասխանել է.

«Ի սկզբանե եղել է մեր դիրքորոշումը, որ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմությունն ունենա մեկ միասնական թեկնածու: Դա ռեալ այլընտրանք կլինի իշխանության ներկայացուցչի դեմ: Այսօր էլ մենք պայքարում ենք դրա համար: Ցավոք, ընդդիմադիր դաշտի ուժերը, հատկապես` ՀԱԿ-ը, հրաժարվում է իրականացնել մեզ հետ միասին այս սկզբունքը՝ ամենատարբեր մեկնաբանություններով: Մենք էլի կփորձենք, որ կայանա այդ չափազանց կարևոր սկզբունքի իրականացումը, որովհետև որևէ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ եթե ընդդիմության 2-3 թեկնածուներ պետք է նույն ընտրատարածքում լինեն, սա, գուցեև, ուղղակիորեն պետք է նպաստի, որ իշխանությունը վերարտադրվի, և այլևս ի չիք է դառնում գործնականում օրը մի քանի անգամ հայտարարված «Օր առաջ իշխանափոխություն» կարգախոսը:  Իշխանափոխությունը աբստրակցիա չէ, դա պահանջում է կոնկրետ գործողություն: Այս պահին դա մեկ գործողություն է, որպեսզի ընդդիմությունը կարողանա փոխզիջման տարբերակով, ինչ-որ անձնական, կուսակցական շահերը, ամբիցիաները մի կողմ դնել: Մենք պատրաստ ենք դրան: Ցավոք սրտի, իրենց կողմից որևէ առաջարկություն չենք ստացել: Նրանք, ըստ էության, մերժում են մեր այս առաջարկությունը, բայց որևէ այլ առաջարկություն չեն անում ընտրատարածքներում մեկ միասնական թեկնածու ունենալու վերաբերյալ»:

«Ժառանգության» փոխնախագահն ասել է, որ Երևանի 8 ընտրատարածքներում իրենք պատրաստվում են պաշտպանել ՀԱԿ-ի թեկնածուներին, ևս 12 ընտրատարածքներում, որտեղ ՀԱԿ-ը կցանկանա, իրենք նույնպես կպաշտպանեն նրանց թեկնածուին, բայց փոխարենը «Ժառանգությունն» ակնկալում է, որ Երևանի 5 ընտրատարածքներում ՀԱԿ-ը կպաշտպանի իրենց: Ըստ Հակոբյանի` այդ ընտրատարածքներն են 1-ինը, 4-րդը, 6-րդը, 9-րդը և 12-րդը:

«Նրանք, ովքեր անզիջում են լինելու և չեն գնալու նրան, որպեսզի ընդդիմությունը մեկ թեկնածու ունենա… այդ դեպքում մենք որոշակի եզրահանգումներ կանենք և մեր առաջիկա քարոզարշավի շեշտադրումները կճշտենք», – ասել է Ռուբեն Հակոբյանը: